Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 26-ի երեկոյան ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում ոգեկոչել է սումգայիթյան զոհերի հիշատակը։ Հայտնում է «Ապառաժ»-ը:
Հիշատակի միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ Ալյոնա Հակոբջանյանը, ով միության անունից դատապարտել է միջազգային հանրության հանցավոր լռությունը։ Անպատժելիության արդյունքում հետագայում ոճրագործի ձեռքով կատարվեցին ավելի դաժան գործողություններ։
«Արցախյան վերջին պատերազմը նրանց դիվային ծրագրի շարունակությունն էր: Քառասունչորս օր շարունակ հայ զինվորը անձնազոհությամբ պայքարեց, քառասունչորս օր շարունակ մենք տոկացինք, սակայն անհավասար պայքարում, նաև աշխարհաքաղաքական մեծ խաղերի արդյունքում դավադրաբար սկսված պատերազմում պարտվեցինք՝ ունենալով նոր զոհեր, թանկ ու անդառնալի կորուստներ»,-ասել է Ա․ Հակոբջանյանը:
Ոգեկոչելով սումգայիթյան զոհերի հիշատակը՝ ներկաները միաժամանակ նաև ոգեկոչել են արցախյան պայքարի բոլոր նահատակների հիշատակը:
«Մենք չե՛նք հանձնվելու: Վրեժը հայի հոգում երբեք չի՛ մարելու։ Մենք ապրելո՛ւ ենք՝ ի հեճուկս չարի»,- վստահեցնում են երիտասարդները:
«Ոգեկոչման այս արարողության նմանությամբ աշխարհի շատ երկրներում, որտեղ Դաշնակցությունը ներկայացված է, ևս կազմակերպվելու են հիշատակի արարողություններ։ Այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրության լռության դեմ»,-ելույթի իր խոսքում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը։
Ալյոնա Գրիգորյանը հիշեցրեց բոլորին, որ ամենամեծ հանցանքը լռությունն է։
Դաշնակցական Արծիվ Լալայանն էլ նշեց, որ 44-օրյա պատերազմը շարունակությունն էր Ադրբեջանի եղեռնական մտադրությունների, որ սկիզբ էր առել սումգայիթյան ջարդերից։
«Այսօր էլ թշնամին փորձում է Խրամորթում ահաբեկել բնակչությանը, կրկին սպառնում է ուժ կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ, բռնի տեղահանել նրանց, ինչպես դա անում էր 34 տարի առաջ։ Սա հուշում է բոլորին, որ սին են բոլոր խաղաղասիրական թեզերը, և որ թշնամին չի հրաժարվել իր ցեղասպան քաղաքականությունից»,-նշել է Ա․ Լալայանը։