կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 21:45
Հասարակություն

Ռ. Պետրոսյանը Վերաքննիչում ևս պարտվեց նախկին աշխատակցին. Լ. Գաբրիելյանը կվերականգնվի իր պաշտոնին

Ռ. Պետրոսյանը Վերաքննիչում ևս պարտվեց նախկին աշխատակցին. Լ. Գաբրիելյանը կվերականգնվի իր պաշտոնին

Վերաքննիչ դատարանը, Նարինե Բարսեղյանի նախագահությամբ, փետրվարի 10-ին մերժել է Շրջակա միջավայրի նախկին նախարար, այժմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի բողոքը։ Վերջինս բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանը վերականգնվելու էր պաշտոնում, ստանալու էր միջին աշխատավարձը ողջ պարապուրդի ժամանակահատվածի համար։

Հիշեցնենք՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի սեպտեմբերի 3-ին կայացրած վճռով՝ ամբողջությամբ բավարարվել էին ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջները. անվավեր էին ճանաչվել նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանները, այդ թվում՝ Լևոն Գաբրիելյանի պաշտոնից ազատման հրամանը, նրան վերականգնել էր պաշտոնում և պարտավորեցրել Շրջակա միջավայրի նախարարությանը Գաբրիելյանին վճարել նրա միջին աշխատավարձը ողջ պարապուրդի համար: Բացի դրանից, ՇՄՆ-ն պետք է փոխհատուցեր Լևոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 hազար դրամի չափով և պետտուրքը՝ 8000 դրամ:

Նախ՝ Լևոն Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի 2020թ. օգոստոսի 28-ի հրամանի հիման վրա ենթարկվել էր կարգապահական տույժի՝ խիստ նկատողություն՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով չկատարելու համար, սակայն հրամանով չէր հիմնավորվել, թե կոնկրետ որ պարտականությունները չեր կատարել:

2020թ. նոյեմբերի 27-ին Ռոմանոս Պետրոսյանը կայացրել էր մեկ այլ հրաման, որով Գաբրիելյանի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես՝ 2019թ. հոկտեմբերի 18-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Բեքստեյջ» ՍՊ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրով հողամասի օգտագործման պայմանների նկատմամբ իբրև պատշաճ հսկողություն չէր իրականացրել:

2020թ. նոյեմբերի 30-ին նախարարի երրորդ հրամանով՝ մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքով Գաբրիելյանի լիազորությունները 2020թ. դեկտեմբերի 1-ից դադարեցվել էին, և լուծվել էր վերջինիս հետ 2018թ. մարտի 7-ի կնքված աշխատանքային պայմանագիրը:

Վերաքննիչ դատարանն ընդհանուր իրավասության դատարանի հետևությունները համարել է  հիմնավոր և գտել, որ գործում առկա ապացույցների և փաստերի համադրմամբ դեռևս չի հիմնավորվում աշխատողի` «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով աշխատանքային կարգապահության խախտումներ թույլ տալու և այդ հիմքերով երկու անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու փաստերը։ Հետևաբար հիմնավոր է համարել դատարանի այն հետևությունը, որ անվավեր ճանաչման է ենթակա նաև  աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը ևս:

Նշվածը հիմք ընդունելով` Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքի փաստարկներն անհիմն են, ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտն օրինական է և հիմնավոր, ուստի պետք է թողնել անփոփոխ: