կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-20 15:40
Հասարակություն

ՍԱՊԾ-ն դատի կտա նախկին աշխատակցին

ՍԱՊԾ-ն դատի կտա նախկին աշխատակցին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն անդրադարձավ ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը, ով ՀՀԿ անդամ է, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետ էր, եղել է նաև գյուղատնտեսության նախկին նախարարի օգնական, օրերս բաց նամակ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին` հայտնելով, որ ՍԱՊԾ պետը խախտել է իր իրավունքը՝ «ապօրինի կերպով ազատելով աշխատանքից»:

ՍԱՊԾ պետը այսօր նշեց, որ սննդի անվտանգության պետական ծառայությունը դատական հայց է նախապատրաստում Նարեկ Մանթաշյանի դեմ՝ իր հայտարարությունների հետ կապված, և իրավական հարթությունում կլուծվի առաջացած խնդիրը: Նրա խոսքով` Նարեկ Մանթաշյանի կողմից ապատեղեկատվություն է հնչեցվել:

«Ապատեղեկատվություն են տարածում ՍԱՊԾ-ի գործունեության վերաբերյալ: ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտ չկա, բոլոր գործողություններն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակներում»,- ասաց Իշխան Կարապետյանը:

Նա հերքեց նաև այն լուրերը, թե ինքը վայելում է Կարեն Կարապետյանի հովանավարությունը և հանդիսանում է նրա ազգականը: Ներկայումս, ըստ ՍԱՊԾ պետի, կառույցն աշխատում է բնականոն ռիթմով, լայնածավալ աշխատանքներ ու մոնիթորինգներ են իրականացվում բոլոր ուղղություններով: