Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դաշնակցական երիտասարդները համամիտ չեն, որ 131-ամյա Դաշնակցությունը ծերուկ է․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասացին՝ Դաշնակցությունը շառավիղ է, ուղղություն, որը միշտ երիտասարդանում է։
ՀՅԴ ՆԱՈւՄ վարչության ներկայացուցիչ, բժիշկ Հայկազ Հարությունյանն ասաց՝ ՀՅԴ-ն միշտ ջահելանում ու նորոգվում է՝ փորձելով նորոգել նաև Հայաստանը, Հայ Դատը, նոր պայքար սկսել հանուն հայ տեսակի։
ՀՅԴ ՆԱՈւՄ վարչության անդամ Գևորգ Ղազիլեանը նշեց, որ ՀՅԴ-ն ստեղծման օրվանից շարքերը միշտ թարմացնում է, և երիտասարդությունը հասնում է այն աստիճանի, որ հայրենիքի փրկության շարժումն իր ուսերին վերցնելով՝ գնում է առաջ։
Նրանք զենքի ու դրոշի վրա երդվել են լինել հավատարիմ ազգին ու հայրենիքին և անվերապահ ծառայել։ Հայկազ Հարությունյանն ասաց՝ հենց ՀՅԴ-ն է ընտրել, որովհետև հայրենիքին ծառայելու ավելի լավ ձև ինքը չի տեսել, քան այն ծրագիրը, որն, իրոք, Հայաստանի փրկությունն է և այն կանոնագիրը, որը 131 տարի կարողացել է կուռ համակարգով պահել Դաշնակցությունը, իսկ Դաշնակցությունն էլ կարողացել է պահել Հայկական հարցը ու պայքարել դրա լուծման համար։
Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին նախ՝ իբրև բժիշկ, հետո՝ զենքը ձեռքին․ ՀՅԴ ստորաբաժանման կազմում հենց սեպտեմբերի 27-ից մեկնել են մինչև պատերազմի ավարտից էլ հետո։
«Վերադարձանք, բայց պայքարը դեռ շարունակվում է ու շարունակվելու է, քանի դեռ չունենք մեր ընկած տղերքի, մեզ հետ պայքարող տղերքի երազանքը՝ անկախ Արցախը։ Մենք գնում ենք դրան, ու ես չեմ համարում, որ պատերազմն ավարտված է»,-ասաց Հայկազ Հարությունյանը։
Գևորգ Ղազիլյանը Միջին Արևելքից է։ Ասում է՝ իրենց համար Դաշնակցությունն այն դպրոցն է եղել, որում հայեցի դաստիարակություն են ստացել։
«Այսինքն, ես չեմ կարող Դաշնակցությունն առանձնացնել Հայաստանի պատմությունից, որովհետև իրենց տված ազգային կրթությամբ, իրենց հերոսներով, ներկայացուցիչներով, ֆիդայիներով տվեցին այն, ինչն այսօր յուրաքանչյուր հայ երիտասարդի համար անհրաժեշտ է հայեցի դաստիարակություն ստանալու համար»,-ասաց Գևորգ Ղազիլյանը։
Նա վստահեցրեց, որ բոլորն այդ կուսակցության մեջ են՝ հավատալով ազատ, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարին։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․