կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 17:25
Քաղաքական

Մեր բանակը տիրոջ կարիք ունի․ Տարոն Տոնոյան

Մեր բանակը տիրոջ կարիք ունի․ Տարոն Տոնոյան

Մարդիկ կային, որ չէին պատկերացնում, մեկը՝ ես, որ պետք է շարք կանգնենք, զեկուցենք, բայց հետո հասկացանք, որ դա է ճիշտը, և հիմա էլ է դա ճիշտը, պետք է կարգուկանոն լինի․  90-ականներից՝ բանակի կազմավորման շրջանից, այս պատկերը հիշեց ռազմական բժիշկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում։

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը նշելու համար նրանք ընկերներով հավաքվել են այսօր․ ասում է՝ բոլորս ցավ ունենք սրտում շատ մեծ, բայց նաև ծիծաղում ենք, որովհետև մտածում ենք, որ վերջնարդյունքում մենք հաղթողն ենք լինելու։

«Սա է մեր ապրելու, ծիծաղելու, պայքարը շարունակելու հիմնական հույսը, որ մենք հաղթողն ենք լինելու, ուղղակի այս մի ռաունդը մենք պարտվեցինք»,-ասաց նա։

Մեր բանակը տիրոջ կարիք ունի․ տերը պիտի առաջադրանք ունենա նպատակը իրականացնելու, այն, ինչի համար կոչված է բանակը՝ վստահ է անկախացած Հայաստանի բոլոր պատերազմներով անցած բժիշկը։

«Բանակը կոչված է հայրենիքի անվտանգությունն ապահովելու, ժողովրդին արժանապատիվ պահելու համար․ մենք այդ պոտենցիալը ունենք, բայց, ցավոք սրտի, մենք այդ պոտենցիալը չենք օգտագործում»,-ասաց նա։

Տարոն Տոնոյանին բարկացնում է Հայոց բանակի մասին ներարկվող միֆը, իբրև թե հայ զինվորներն ուրիշ բանակներում փայլում են, մերում՝ ոչ․ նա բազմաթիվ փաստեր ունի հաառակն ապացուցող։

«90-ական թվականներին, չունենալով բանակ, լինելով Ադրբեջանից ազգաբնակչությամբ երկու անգամ փոքր և տարածքով մի քանի անգամ փոքր պետություն, մենք կարողացել ենք հաղթել՝ զուտ մեր կազմակերպվածության և ճիշտ հրամանատարության շնորհիվ։ Ամբողջ խնդիրը սա է։ Մենք նույն ազգն ենք, նույն մարդիկ ենք։ Չմոռանանք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ հերթեր էին գոյացել զինկոմիսարիատների դռներին և ինչու այդ ռեսուրսը ճիշտ չօգտագործվեց։ Այս հարցերի պատասխանները շատ պարզ են և խորը վերլուծության կարիք չունեն»,-փաստեց Տարոն Տոնոյանը։

Բանակը, զինվորականները պետք է ապաքաղաքական լինեն, վստահ է նա, պետք է սոսկ, չոր  իրենց առաջադրանքը կատարեն։ Իսկ առաջադրանքը պետք է հստակ լինի, որպեսզի զինվորը իմանա՝ ինչ պետք է անի։

«Երբ զինվորին առաջադրանքը տալիս են աղավաղված՝ զինվորն էլ է շփոթվում և զինվորի հրամանատարն էլ է շփոթվում։ Պետք է նրան ասեն, որ տեսար՝ թշնամին գլուխը բարձացրեց դիրքից, տուր գլուխը ցխիր, տեսնում ես՝ դիրքից առաջ է գալիս, պետք է կրակես, ոչ թե սպասիր՝ հլա տեսնենք․ մի հատ զինվորը պիտի զանգի իր հրամանատարին, հրամանատարն էլ մյուս հրամանատարին, և այդպես մինչև ամենաբարձրին ասեն՝ մարդ է առաջ գալիս, ի՞նչ պիտի անենք, մինչև հետ պատասխանը գալիս է՝ այդ թշնամին արդեն տղերքին գերի վերցրած տանում է։ Էս է մեր վիճակը»,-ասաց ռազմական բժիշկը։

ՀՀ բարձաստիճան պաշտոնյաները՝ առանց Նիկոլ Փաշինյանի, այսօր Եռաբլուր պանթեոն գնացին գողեգող, առավոտ ծեգին՝ ժամը 8-ի կողմը։ Փաշինյանը նախապես էր հայտարարել, որ Կովիդով վարակված է, որպեսզի իրենից անգամ դա չակնկալեն։ Տարոն Տոնոյանը այս կեցվածքը մեկնաբանում է նրանով, որ, հավանաբար, մտածում են՝ եթե հանկարծ հիմա պետականության տարրեր դրսևորեն, ուրեմն իրենց կարող է ջնջեն՝ էդ կարգի վախեցած են։ Բայց ասում է՝ մենք ինչ կեցվածք էլ ունենանք՝ թշնամու ծրագրերում փոփոխություն երբեք չի լինելու․ եթե նրանք որոշել են, որ թուրանական երկրներով պետք է միանան և պանթյուրքիստական ծրագիրն իրականացնեն, իրենք չեն նայելու՝ մենք ինչ քաղաքականություն ենք վարում։ Այնպես որ, մեր իշխանությունները թյուր, սխալ ըմբռնման մեջ են, ասաց Տարոն Տոնոյանը, մենք պետք է գործոն լինենք, ոչ թե տարածք։   

Աննա Բալյան