Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լավ հրամանատարը կարող է պարտվող զորքին հերոսության տանել և դարձնել հաղթողների բանակ, իսկ վատ հրամանատարը կարող է մեր քաջ տղաների մեջ խուճապ առաջացնել և դարձնել փախչողների բանակ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը՝ համեմատելով Արցախյան առաջին և երրորդ պատերազմները։
Այս պատերազմում պարտությունը, նրա համոզմամբ, տգիտության, խուճապի, ղեկավարել չկարողանալու, անընդունակության, հիստերիայի մեջ ընկնելու հետևանք էր, իսկ այս ամենին «դավաճան» որակումը տալը դատարանի գործն է։
Նա առաջին օրից էր Արցախ գնացել՝ Ջրական (Ջաբրայիլ), և շատ բաներ այդպես էլ անհասկանալի է մնացել, օրինակ, ինչպե՞ս եղավ, որ պաշտպանական գիծը մնացել էր, բայց թշնամին արդեն իրենց թիկունքում էր և տղերքը երեք կողմից շրջափակման մեջ էին։
«Պատերազմի լուրը առավոտյան լսեցինք՝ ժամը 7։30-ի սահմաններում։ Անմիջապես վեր կացա, ուղևորվեցի հիվանդանոց, և ի ուրախություն ինձ պիտի ասեմ, որ մեր բժիշկներն արդեն այնտեղ էին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին մեծածավալ գործողությունների ժամանակ դեռևս մինչև թիկունքից դեղորայքի իմաստով, բժշկական պարագաների իմաստով օգնության հասնեն, մենք մեր պահուստային միջոցներով, դեղորայքներով անմիջապես ուղևորվեցինք և արդեն երեկոյան 5։30-ի շրջանում մտանք Ջաբրայիլ։ Բանակի բուժծառայության հետ մեր գործողությունները համադրեցինք և մեր բժիշկները բաժանվեցին երկու խմբի՝ կեսը ուղևորվեց Հադրութ, իսկ մյուս կեսը Խնձորեսկով իջանք դեպի Ջաբրայիլ»,-վերհիշեց Տարոն Տոնոյանը։
Այդ օրը նա չէր պատկերացնում պատերազմի մասշտաբները, բայց քանի որ տեսել էր Արցախյան առաջին պատերազմը, տեսել էր Քառօրյա պատերազմը, արդեն սեպտեմբերի 29-30-ին նրա համար հասկանալի էր, որ սա լրիվ այլ պատերազմ է, իսկական, ծայրահեղ ծանր պատերազմ էր սպասվում մեզ, որի մասին, իհարկե, զգուշացրեց թիկունքում գտնվող իր ընկերներին, ովքեր հնարավորություն ունեին ազդելու քաղաքական գործընթացների վրա։
«Ասացի, որ չափազանց ծանր պատերազմ է սպասվում մեզ, պետք է պատրաստ լինենք, բայց, անկեղծ ասած, որ այսպես պիտի վերջանար, այսքան մարդկային կորուստներով, այսպիսի տարածքային կորստով, անկեղծ ասած, չէի պատկերացնում»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Բժիշկն առաջինն էր, որ հրապարակային խոսեց կամավորներին առանց սաղավարտ ու զրահաբաճկոն առաջնագիծ ուղարկելու հանցագործության մասին։
«Պատերազմի առաջին օրերին, երբ կռվում էր կանոնավոր պաշտպանության բանակը, մեր կամավորները հիմնականում վերջույթների վնասվածքներով էին գալիս և փոքր տոկոս էին կազմում կրծքավանդակի, որովայնի և գլխի վիրավորումները։ Բայց երբ կամավորները եկան՝ շատերը գալիս էին ոգևորված, բոլորը հերոսներ էին իհարկե, բայց այս պատերազմը 90-ականների պատերազմը չէր, այստեղ այնպիսի զենքեր կիրառվեցին, այնպիսի ծանր մարտեր էին ընթանում, որ շատ մեծ կորուստներ ունեցանք արդեն հետո կամավորների մեջ սաղավարտներ և զրահաբաճկոններ չլինելու պատճառով։ Սրա գնահատականը հետո պետք է տան անպայման։ Գնահատական ես հիմիկվանից կարող եմ տալ․ սա հանցագործություն է»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․