կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 18:26
Քաղաքական

Ապրիլքսանչորսյան հայտարարության պատճառով Թուրքիայում հետաքննություն` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների դեմ

Ապրիլքսանչորսյան հայտարարության պատճառով Թուրքիայում հետաքննություն` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների դեմ

Անկարայի գլխավոր դատախազությունը մտադիր է հետաքննություն սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) այն ղեկավարների դեմ, ովքեր ապրիլքսանչորսյան հայտարարության ժամանակ օգտագործել են Հայոց ցեղասպանություն հայտարարությունը։ Դատախազությունն արձանագրություն է պատրաստել այդ հետաքննությունը Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն իրականացնելու նպատակով։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է ԿՊոլսում 2 լեզուներով հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Թուրքական լրատվամիջոցները վկայակոչած աղբյուրի համաձայն՝ դատախազության ներկայացրած արձանագրության մեջ սույն հետաքննությունն անցկացնելու համար թույլտվություն է հայցվում Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիդ Գյուլից։

Արձանագրության մեջ նաև հղում է արվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ․ ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային և նշվում, թե այն «չի կարող հետադարձ ուժ ունենալ, և որ «ցեղասպանություն» արտահայտությունը չի կարելի այդ տարեթվից առաջ կատարված ցավալի դեպքերի վերաբերյալ օգտագործել»։

10 էջից բաղկացած արձանագրության ուղիղ 9 էջը լեցուն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) սահմանած մարդու իրավունքներին վերաբերող մեկնաբանություններով։ Արձանագրության մեջ նաև շեշտվում է, թե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Կենտրոնական գործադիր խորհրդի ապրիլքսանչորսյան հայտարարությունը պարունակում է «թուրքական ազգին, Թուրքիայի Հանրապետությանը պատմության համատեքստում կասկածի տակ դնող արտահայտություններ», և որ «աներևակայելի է, թե որևէ անձ, լինելով Թուրքիայի Հանրապետության պատգամավոր, կարող է այնպիսի աշխատանքներ կատարել կամ խոսքերով ու արտահայտություններով հանդես գալ, որոնք հակառակ են այն ժողովրդի շահերին, որի ներկայացուցիչն է հանդիսանում։ Այդ առումով ակնհայտ է, որ տվյալ հայտարարության մեջ նշված արտահայտությունները դեմ են թուրք ժողովրդի ազգային շահերին»։

Այսպիսով, Թուրքիայի արդարադատության նախարարի թույլտվությունը ստացվելու դեպքում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 26 անդամի դեմ հետաքննություն կսկսի՝ «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ ստորացնելու» հիմքով։

http://www.agos.com.tr/tr/yazi/26573/24-nisan-aciklamasi-icin-hdp-yoneticilerine-sorusturma-talebi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net