կարևոր
4015 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-30 17:52
Քաղաքական Արցախ

Արցախը չի՛ լինելու ադրբեջանի կազմում. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Արցախը չի՛ լինելու ադրբեջանի կազմում. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը լիակատար աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության խորհրդարանի հոկտեմբերի 30-ին ընդունված որոշմանը, որը հրապարակվեց ի լուր համայն աշխարհի և հայության Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

«Համոզված ենք՝ Արցախի և Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և արդյունավետ  ընթացքը կախված է մեր բոլորի հավաքական կամքից ու վճռականությունից, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր անձնական պատասխանատվությունը արցախահայությանը ցեղասպանությունից, տեղահանումից և հայրենազրկումից պաշտպանելու մշտակա գործում: Հայաստանում, Արցախում, սփյուռքում ապրող և գործող յուրաքանչյուր հայ պետք է իրազեկվի և իր ներդրումն ունենա արցախահայության պայքարի այս նոր հանգրվանի հաղթական հանգուցալուծման շրջափուլում: Արցախի անկախությունը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, այն ունի նախադեպային կարգավորումների հիմք, ուստի մենք միջազգային բոլոր ատյաններում ունենք արհեստավարժ գործելու իրական երաշխիքներ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համակարծիք է Արցախի Աժ որոշման հիմնադրույթին՝ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվելու Արցախի անվտանգության երաշխավորը լինելու ազգային-պետական առաքելությունից և  չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ կասկածի տակ են դրված Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգ ապագան: Այս հիմնադրույթներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում և օրենքի ուժով ամրագրված որոշումներում:  Մենք բոլորս հայկյան զարմից ենք՝ Չկա Հայաստան առանց Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան»: