կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 17:49
Հասարակություն

Կաշառքի բազմաթիվ դեպքեր՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում. 9 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Կաշառքի բազմաթիվ դեպքեր՝ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում. 9 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

2021 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող մի խումբ աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառու անձանցից մեկին «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում, իսկ մյուսին՝ «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար,  2021թ. փետրվարին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել և ստացել  է  մի դեպքում 40․000, մյուսի դեպքում՝ 20.000 ՀՀ դրամի չափով  կաշառք՝ որպես  մասնաբաժին գումարներ փոխանցելով նույն կենտրոնի երկու աշխատակիցների: 

Բացի այդ, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն «Զբաղվածության պետական գործակալության» շահառու 2 անձի «Անասնապահական» ծրագրում ընդգրկելու համար, 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել ու ստացել  է  զգալի չափերի կաշառք, այնուհետև ստացած կաշառքից որպես մասնաբաժին գումար փոխանցել մի դեպքում իր տեղակալին, մյուս դեպքում՝ կենտրոնի գլխավոր մասնագետին։

Նաև՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն իր ենթակայությամբ աշխատող կենտրոնի 2 աշխատակիցների ծանոթների աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու համար, 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին իր աշխատասենյակում, ստացել է պահանջված զգալի չափերի կաշառք։

Պարզվել է նաև, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն, նույն կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին «Երիտասարդների աշխատանքային պրակտիկա» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարի 22-ին իր աշխատասենյակում, գործավար-օպերատորի օժանդակությամբ նրա ազգականից քողարկված եղանակով պահանջել և ստացել  է 5.000 ՀՀ դրամ կաշառք։

Քրեական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա. Ա.-ին և նրա տեղակալ Ս. Ա.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով , կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, կենտրոնի 5 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Բոլոր նշված մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կաշառք տալու համար ևս 5 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում վերջիններիցս 4-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեի, 7 աշխատակիցների և կաշառք տվող մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 2021թ. դեկտեմբերի 28֊ին մարզի դատախազությունից ուղարկվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանու իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։