կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 22:34
Արցախ

«Արցախի փրկություն» շարժման հայտարարությունը

«Արցախի փրկություն» շարժման հայտարարությունը

Դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել «Արցախի փրկություն» շարժման հիմնադիր համաժողովը, որին մասնակցում էին Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Արցախի Հանրապետությանը պարտադրված մարտահրավերները հաղթահարելու համար վերջին ամիսներին Արցախի ճակատագրով մտահոգ «Հայրենիքի ձայն», «Արցախի կանչ» և «Արցախի ազգային շարժում» նախաձեռնող խմբերին են միացել «Հայ ընտանիք», «Երկխոսության կամուրջ», «Ռազմաճակատային լրագրողների լիգա» ՀԿ-ները, և մի քանի այլ խմբեր։ Համախմբվելով Արցախի փրկության գաղափարի շուրջ` սկիզբ է դրվել «Արցախի փրկություն» շարժմանը։ 

Շարժման անդամներից Աշոտ Սարգսյանը ներկայացրեց շարժման նպատակն ու խնդիրները.

ա) hամախմբել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի՝ Արցախով մտահոգ և համախոհ մարդկանց, ստեղծել պայքարի արդյունավետ միջոցներ։

բ) Հայաստանի Հանրապետության հետ Արցախի հանրապետության վերամիավորման ապահովում։

գ) Նպաստել ազգային-պետական անվտանգության համակարգերի ստեղծմանը և Արցախի բանակի արդիականացմանը։ Ռազմական անվանգության և պատական սահմանների ամրապնդում, ԶՈՒ հզորոցում, ռազմակրթություն և ռազմագիտություն, ռազմական արդյունաբերություն։

դ) Վերականգնել ժողովրդի բարոյահոգեբանական, փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտ՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։

ե) Նպաստել հավատի և հոգևորի դերի բարձրացմանը՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթները իրագործելու համար։

Շարժումը կոչ է արել Արցախի հարցով մտահոգ քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։

Այսօր հրապարակվել է շարժման հայտարարության տեքստը.

«Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցրել է մի շարք տեսակետներ, որոնք ըստ էության բացահայտ ահաբեկչություն է Արցախի Հանրապետության հայության նկատմամբ, եւ որն ունենալու է իր բացասական հետեւանքները: 

Դա կարող է հասարակության մի ստվար հատվածի մոտ առաջացնել տագնապ, վաղվա օրվա նկատմամբ անվստահություն ու արտագաղթի պատճառ դառնալ: 

Խիստ անընդունելի ենք համարում Հայաստանի վարչապետի նման մոտեցումները Արցախի հայության նկատմամբ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության ղեկավարության եւ Ազգային ժողովի անպատասխանատու հայտարարությունները Արցախի ժողովրդի ճակատագրի որոշման հարցում մենաշնորհ ունենալու առումով։ 

Ուստի հայտարարում ենք՝ ցանկացած նման ահաբեկչություն կամ մեր ազգային արժանապատվության վիրավորում Արցախի կամ Հայաստանի իշխանավորների կողմից՝ արժանանալու է համարժեք պատասխանի»: