կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 15:10
Մշակույթ

Ամիրխանյանից հետո ով էլ նախագահ ընտրվի, փրկություն կլինի. Լեւոն Չաուշյան

Ամիրխանյանից հետո ով էլ նախագահ ընտրվի, փրկություն կլինի. Լեւոն Չաուշյան

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում կլինի համագումար, սակայն միության անդամների 1/3-ը՝ 42 անդամ, պահանջում է մինչ այդ արտահերթ համագումար հրավիրել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը նշեց, որ համագումար անցկացնելու հայցով արդեն դատարան են դիմել: Դատարանում նրանց շահերը կներկայացնի փաստաբան Կարեն Մանուչարյանը: «Ի դեպ, մեր խնդրանքով, գործն արագացված ընթացակարգով է քննվելու, եւ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի՝ դատարանը կբավարարի՞ մեր պահանջը, թե՞ ոչ»,- ասաց Չաուշյանը` հավելելով, որ արդեն 2,5 տարի է, ինչ միությունը չունի ո′չ ընտրված նախագահ, ո′չ վարչություն եւ ո′չ էլ վերստուգիչ հանձնաժողով, այսինքն` այսքան ժամանակ օրենքից դուրս է գործել: «Այս 2,5 տարվա ընթացքում միության նախագահը` Ռոբերտ Ամիրխանյանը, ֆինանսական մի շարք թղթեր ու որոշումներ է ստորագրել, որոնք պետք է չեղյալ հայտարարվեն»,- նշեց նա:

 

Հարցին, թե կա՞ն հույսեր, որ դատարանը հայցը կբավարարի, Չաուշյանը պատասխանեց, որ, Կարեն Մանուչարյանի խոսքով, 100 տոկոսով. «Քանի որ մենք միայն օրենքն ենք պաշտպանում»:

 

Հարցին, թե իրենք արտահերթ համագումարին կառաջադրեն միության նախագահի իրենց թեկնածուի՞ն, Չաուշյանը պատասխանեց, որ անպայման: «Երբ համագումարի օրը որոշվի, մինչ այդ արդեն մենք կներկայացնենք Կոմպոզիտորների միության նախագահի մեր թեկնածուին: Արդեն ունենք մի քանի թեկնածություններ: Ամիրխանյանից հետո ով էլ նախագահ ընտրվի, փրկություն կլինի»,- ասաց կոմպոզիտորը:

 

Հիշեցնենք, որ դեռ հուլիս ամսին Կոմպոզիտորների միության որոշ անդամներ դիմել էին ՀՀ արդարադատության նախարարին՝ միության 2009-2013թթ. իրավիճակի, ֆինանսատնտեսական գործունեության օբյեկտիվ եւ հանգամանալից ստուգման համար վարչական վարույթ հարուցելու պահանջով: Սակայն նախարարությունը Ռոբերտ Ամիրխանյանից պահանջել էր համագումար հրավիրել` ողջամիտ ժամկետներում: