կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 21:21
Քաղաքական

Ազատագրական պատերազմով երկիր սարքած ժողովրդին Փաշինյանն ինչպե՞ս կարող է այդպես քամահրանքով վերաբերվել․ Արմեն Սարգսյան

Ազատագրական պատերազմով երկիր սարքած ժողովրդին Փաշինյանն ինչպե՞ս կարող է այդպես քամահրանքով վերաբերվել․ Արմեն Սարգսյան

Արցախի ԱԺ Հայտարարութան մեջ մենք շեշտում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր և Արցախը հանձնել է բանակցությունների վարման իրավունքը Հայաստանին, և Հայաստանը պետք է վարի այդ բանակցությունները որպես անվտանգության երաշխավոր, որպեսզի հասնի մի կուլմինացիոն կետի, և այդտեղ պետք է Արցախի հետ քննարկի վերջնական որոշումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ երբ քաղաքական գործիչները քննարկում էին, որ պետք է հասնեն այն կետին, որ Արցախը միայնակ մասնակցի բանակցային գործընթացին, ինչպես խոսում է Նիկոլ Փաշինյանը, արցախցիները դեմ էին, ասում էին՝ եթե նույնիսկ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է շարունակի մասնակցել բանակցային գործընթացին որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն ինքը եկավ, ու ինքն իրեն է հակասում հենց։

«Երկրորդ․ սկզբում ինքը եկավ Ղարաբաղ և ասաց՝ Արցախը Հայաստան է ու վերջ։ Ճիշտն ասած՝ քանի որ առաջին դեմքն էր Հայաստանի Հանրապետության, մի պահ մենք զարմացանք, որովհետև մենք գիտեինք, որ դրա պատասխան լինելու է, դա բերելու է հարաբերությունների սրման և մոտեցնելու է պատերազմը, չնայած ականջահաճո բառեր էր ասում։ Եվ այդպես էլ եղավ՝ պատերազմը մոտեցավ։ Հիմա ինքն իր հարցազրույցում այսպիսի միտք է արտահայտում, որ՝ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարը իր հայրենիքի մի ստվար՝ ամբողջ 30 տարի ընթացած ազատագրական պատերազմի ընթացքում անկախություն ստացած, երկիր սարքած ժողովրդին այդպիսի քամահրանքով վերաբերվի․ մի անգամ ասել՝ Արցախը Հայաստան է, մյուս անգամ ասել՝ Արցախը Ադրբեջան է,-ասաց Արմեն Սարգսյանը։

Փաշինյանի այս կեցվածքի բացատրության առաջին տարբերակն, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը խփում է ժողովրդի ճակատագրին, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե 2-րդ տարբերակն է՝ Փաշինյանը չգիտեր դրա մասին և ասում էր՝ Արցախը Հայաստան է, հետո իմացավ, ուրեմն նա իր տեղում չէ։

«Այսինքն, ինչպե՞ս կարող է քո Մայր հայրենիքի ղեկավարը լրիվ հակառակ բաներ ասի ընդամենը 2 տարվա ընթացքում․ սա կարելի՞ է հանդուրժել»,-ասաց Արմեն Սարգսյանը։ 

Արցախում նայում են նրա բոլոր ելույթները, նաև այն, որ Սովետական Միության քարտեզն է վկայակոչում։

«Տեսեք ինչ է կատարվել՝ 30 տարվա պայքարը, որով մենք հասել ենք անկախության, հասել ենք սահմանագծման, ոչ թե սահմանների մեջ փոփոխություններ է կատարելու, այլ Հայաստանը զրո է սարքում 30 տարվա մեր ամբողջ այս պայքարը և բերում է 88 թ-ի մակարդակը՝ Սովետական Միության մակարդակը։ Երբ աշխարհը դատապարտում է կոմունիստական կուսակցության քաղաքականությունը ազգային հարցի լուծման առնչությամբ, գտնում է, որ կոմունիստները սխալ են լուծել հարցը, երբ արդեն Ալիևը պատերազմից առաջ ասում էր՝ մեզ ստիպում են ճանաչել Ղարաբաղը, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանից դուրս լինելու այլ ելք չկա՝ ո՛չ տեսականորեն, ո՛չ պրակտիկ։ Այսինքն, երբ ասում էին, որ այն տղաները զոհվել են հանուն ոչնչի, ստացվում է, որ զոհվել են հանուն ոչնչի՝ ըստ Նիկոլ Փաշինյանի»,-սաց Արմեն Սարգսյանը։

Ամբողջ այս տարիների հպարտությունը, նվաճումները նա զրոյի է հավասարեցնում, նշեց Արցախի նախագահի խորհրդականը, և խնդիրը սա է՝ ինչպես կարելի է ամբողջ մի ժողովրդի այսպես խաբել։

«Սա տնտեսություն չէ, որ մի բան ասես, հետո մեկ այլ բան ասես, սա ինչ-որ մի առարկայական ուղղություն չէ, սա ժողովրդի ճակատագիրն է և 30 տարվա նվաճումները»,-արձանագրեց նա։

Այսօրվա իրողությունը, սակայն, նրա դիտարկմամբ, համահունչ է Փաշինյանի անցած ճանապարհին․ երբ 1997-98 թթ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր հողերի հանձնման և այլ բաների մասին, այդ հոդվածներն ավելի շատ տպվում էին Փաշինյանի «Հայկական ժամանակում», քան նույնիսկ ՀՀՇ-ի օրգան «Հայքում»։ Երբ 2016 թ-ին Փաշինյանը Ղարաբաղի վերաբերյալ արտահայտեց հայտնի միտքը, որ Հայաստան է և վերջ, իրենք զարմացան, բայց ասացին՝ լավ։ Բայց ինչ որ եղավ հետևանքը, զգում են այսօր։

«Մինչև 44-օրյա պատերազմը 2016 թ-ի պատերազմն է եղել․ մենք ունեցանք պատերազմից հետո պատերազմ։ Այսինքն, եթե մինչև 2016 թ-ը պատերազմ չունենայինք՝ հիմա ունենայինք, էլի կարող էինք ասել՝ մենք, գիտես, դափնիների վրա հաղթական ննջում էինք և այլն, բայց պատերազմ տեսանք և գիտեինք, որ լինելու է նոր պատերազմ։ Բայց պատերազմից հետո մենք պատրաստվել ենք պատերազմում մեր պարտությանը»,-փաստեց Արմեն Սարգսյանը։

Ապրիլյան պատերազմից հետո մենք, նրա համոզմամբ պատրաստվել ենք մեր պարտությանը, որովհետև ինչ որ ազգային կար՝ խփվեց։

«Իսկ պատերազմի ժամանակ հանվեց նույնիսկ ՆԶՊ առարկան, Ազգային ակադեմիան խփվեց և վերածվեց ինչ-որ մի գործածական բանի, որը ԽՄ լավագույն ակադեմիան էր, Սփյուռքի և Հայաստանի միջև պատ դրեց՝ Սփյուռքի նախարարությունը վերացրեց, Ազգային բարեփոխումների ինստիտուտը վերացրեց, նույնիսկ «Հայ ասպետ» հեռուստանախագիծը հանվեց։ Այսպես կարելի է երկար շարունակել։ Բանակի դեմ հարձակումը՝ 4 գեներալ-գնդապետ ունենք, բոլորի դեմ դատ արեց, Սեյրան Օհանյանը Շուշիում էր, մարտնչում էին, այդ նույն ժամանակ Երևանում Սեյրան Օհանյանի դատն էր․ Սեյրան Օհանյանի դեմ և՛ Ալիևն է քրգործ  հարուցել, և՛ Նիկոլ Փաշինյանը։ Եթե այդ գեներալներին խփեին, հեղինակազրկեին պատերազմից առաջ և բարձրացնեին այլ հերոսնե՝ էդ ուրիշ բան, բայց չկային նոր հերոսներ, այսինքն, պարզ երևում էր թե ուր է տանում Փաշինյանը»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Դեռ պատերազմը չի վերլուծված, վաղը պատերազմը կվերլուծվի՝ ավելի լավ փաստեր կբացվեն, որ իրենք՝ տեղացիները, ամեն րոպե տեսնելով գիտեն։

«Խնդիրն այն է, որ դու ասում ես՝ այստեղ ապրել են ադրբեջանցիներ, բա մեր հայերը Բաքո՞ւ են գնալու․․․ Հայաստանում ապրել են լիքը ադրբեջանցիներ, դու էդ է՞լ ես տալու, էդ է՞լ ես բերելու Հայաստան բնակեցնես՝ չեմ հասկանում ես»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Աննա Բալյան