Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի կողմից իրականացված գործողությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, տեղեկանում ենք Արցախի ԱԱԾ–ից։
Մասնավորապես, ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից 2022-ի փետրվարի ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում բավարար տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԱՀ քաղաքացի Գ.Ա.-ն, զբաղեցնելով ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, օժտված լինելով կառուցապատողների կողմից կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու վերահսկիչ և կարգադրիչ լիազորություններով, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձ, միջնորդավորված՝ այլ անձի անվամբ հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային ընկերություն, կազմակերպել հիշյալ ընկերությանը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն տալու գործընթացը։
Այնուհետև և 2016թ. փետրվարի 18-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, օրենքով սահմանված արգելքին հակառակ, անմիջականորեն մասնակցել է այդ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությանը, փաստացի իրականացրել ընկերության կառավարումը, անձամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի ու հիշյալ ընկերության միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ՝ անձամբ կազմակերպելով փաստաթղթերի կազմումը և ստորագրումը, ընդունելով շինարարական աշխատանքների արդյունքները, կազմելով կատարված աշխատանքների վերաբերյալ հանձման-ընդունման ակտերը՝ այդ կերպ հիշյալ ընկերությանը տալով առավելություններ և հովանավորելով դրա գործունեությունը:
Դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հետաքննությունն ավարտելուց հետո այն փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: