կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 17:01
Քաղաքական

Պետությունը՝ ազգային իդեալների իրագործման միջոց

Պետությունը՝ ազգային իդեալների իրագործման միջոց

Պետության գոյությունն ազգի հարատևման հիմնական երաշխիքներից է: Այդ առումով պետությունը չի կարող ինքնանպատակ լինել: Պետական համակարգի հիմնական առաքելությունը համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ պետք է ապահովվի ազգի բնականոն զարգացման և բարգավաճման գործընթացը: Հայկական իրականության մեջ 30 տարի առաջ անկախ պետականության վերակերտման ակունքներում, ելնելով պետություն ունենալու հայության մեջ գոյություն ունեցող իդեալական երևույթից, պետության գոյությունը ոմանց մոտ դարձավ գերնպատակ:

Այդ երևույթը հատկապես դրսևորվեց Հայաստանի Հանրապետության Հռչակագրում տեղ գտած դրույթների կազմման օրերին, որտեղ ի վերջո հաղթեց պետության՝ ազգային գաղափարախոսության և իդեալների իրագործման կողմնակից թևը: Իսկ այդ գաղափարախոսության ընդդիմախոսները, որոնք հետագայում ենթարկվեցին օտարամուտ և ապազգային հոսանքների ազդեցությանը, միշտ էլ և դեռ այսօր էլ հակադրում են հայկական պետության գոյությունը ազգայինին, հատկապես՝ Ղարաբաղյան և Ցեղասպանության հիմնախնդիրներում:

Ըստ նրանց, Հայաստանը ժողովրդավարական «բաստիոն» դառնալով և տարածաշրջանում բարիդրացիական խաղաղության քարոզներով կա՛մ պիտի հաղթահարի հզոր պետություն դառնալու մարտահրավերը, կա՛մ էլ լինի ազգային հարցը, այդ թվում՝ Արցախյան հիմնահարցը, Ցեղասպանությունը և Հայկական պահանջատիրությունը ներկայացնող պետություն, որի պարագայում հնարավոր չէ առաջինը՝ հզոր պետության գոյությունը:

Արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունից հետո՝ այժմ ևս մեծ թափով հրապարակ է նետվում նշված տեսությունը՝ այս անգամ այն ծառայեցնելով թուրքական շահերին: Ահա թե որտեղ է պետության գոյությունը դառնում ինքնանպատակ, ազգայինը դուրս է մղվում պետության օրակարգից, դառնում պահպանողական, հետադիմական գաղափարախոսություն: Իսկ ժողովրդավարություն, խաղաղություն, արդարություն «համեմունքները» դառնում են գերնպատակներ, որով փորձում են թունավորել ժողովրդի ուղեղը: Արդյո՞ք Թուրքիային ծառայող այս երևույթը նախօրոք ծրագրված գործընթաց չէ:

Սեպտեմբեր ամսում «Գաղափարական անկման շեմին» խորագրով խմբագրական սյունակում անդրադարձել էինք, թե ինչպես ապաշնորհության և անկարողության հետևանքով պարտություն կրածները փորձում են մեղքը պարտակելու համար գաղափարական հենակետ գտնել ապազգային գաղափարախոսության ջատագովների մոտ: Նույնը շարունակվում է այսօր:

Արցախյան հարցը հայկական պետության ուսերից թոթափելու քաղաքականության ջատագովներից մեկի՝ Ժիրայր Լիպարիտյանի ներկայությունը, ակտիվ հանդիպումները և ապազգային սերմերի տարածումը այդ պարտության արդարացման միջոց է, իսկ հետագայում՝ պարտվողական մտածելակերպով թուրքերին հնազանդվելու քաղաքականության սկիզբ:

Ամեն կերպ պետք է խոչընդոտել, չթույլատրել ազգադավ այդ մտայնությամբ սերված գաղափարների ներթափանցումն Արցախ:

Մենք դեռ պատերազմի մեջ ենք, այն չի ավարտվել, և գալու է այն օրը, որ հայ ժողովուրդը, եթե հարկ լինի, նաև զենքի ուժով տեր է կանգնելու իր իրավունքներին: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, պահանջատիրության կենտրոնը պետք է դառնա Արցախը, իսկ Արցախում տեր-պետրոսյանական, լիպարիտյանական և նրանց հոգեզավակ փաշինյանական պարտվողական գաղափարների տարածումը համազոր է դասալքության:

«Ապառաժ»-ի խմբագրական,

17 դեկտեմբերի, 2021թ