կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-27 12:55
Քաղաքական

Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան

Հայաստանի նոր օրակարգը. Արմեն Գեւորգյան

44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս մասին իր եկել «Հայաստանի նոր օրակարգը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Ներկայացնենք հոդվածն ամբողջությամբ:

«44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության զարգացման նոր տրամաբանություն ձևավորվեց՝ հիմնականում ռուսական պատկերացումներով։ Այս դասավորվածության մեծ մասը հասանելի չէ մեզ և հայտնի չէ մինչ օրս: Ռուսաստանի հեռանկարային ռազմավարությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

Փուլ 2. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների և հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում.

Փուլ 3. Տարածաշրջանային լայն համագործակցության ընդհանուր փոխըմբռնման և նոր մեխանիզմների զարգացում, այդ թվում՝ Թուրքիայի հետ։

Փուլ 4. Արցախի հիմնախնդրի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման կամ երկարաժամկետ ստատուս քվոյի պահպանման շուրջ կոնսենսուսի ձեռքբերում:

Ռուսաստանը կարող է ելնել այն ենթադրությունից, որ յուրաքանչյուր նոր փուլ պետք է գա նախորդ փուլի հիմնական նպատակին հասնելուց հետո։ Դա հնարավորություն կտա` ճիշտ և ռացիոնալ պլանավորել սեփական ռեսուրսները և հնարավորինս չեզոքացնել մեր տարածաշրջանում նոր լարվածության բռնկման ռիսկերը։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ Ռուսաստանի սահմանների անմիջական մերձակայքում ընդլայնվում է խնդիրների շրջանակը։ Բացի Հարավային Կովկասից, իրավիճակը թեժանում է Ուկրաինայի շուրջ, լուրջ խնդիրներ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին, թյուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին որոշ ուղղություններով անհրաժեշտ է որոշակիություն՝ մյուսների վրա կենտրոնանալու համար։

44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի իշխանություններն աշխատում էին ռուսական տրամաբանության շրջանակներում։ Բայց ինչ-որ պահի` այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսին - նոյեմբերի սկզբին, սկսվեցին շեղումները: Դրանք դրսևորվեցին նրանով, որ խախտվեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ռուսական տրամաբանությունը։ Առանձին հարց է, թե ով և ինչու է փորձում փոխել իրադարձությունների այս ընթացքը` գլխացավանք ստեղծելով Ռուսաստանի համար։ Արդյունքում՝ երեկ Սոչիում Ռուսաստանը իրադարձությունների զարգացումը վերադարձրեց սկզբնական, պլանավորված ընթացքին։ Թե որքան կշարունակվի Ռուսաստանի այս հեգեմոնիան առաջիկա գործընթացներում, ցույց կտա ժամանակը։

Նկատելի է, որ հայկական կողմը չունի վճռականություն և նախաձեռնողականություն։ Դժվար է այս որակները ցույց տալ Հայաստանի ներքին իրավիճակի ներկա պայմաններում։ Փոխվարչապետերի աշխատանքի մեկնարկից անցել է մեկ տարի, և միայն հիմա են կառավարությունում մտածում` գնահատել ապաշրջափակման տնտեսական հետևանքները, և անգամ գումար չեն կարողանում գտնել այդ գործի համար։ Քննարկումներն ընթանում են ոչ թե Հյուսիս-Հարավ տրամաբանությամբ, ինչը ձեռնտու է առաջին հերթին մեզ, այլ՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, ինչն ուրվագծված է թյուրքական պետությունների Ստամբուլյան հռչակագրում։

Հայաստանի ներկայիս իշխանությունները կենտրոնացած են սեփական լեգիտիմության միջազգային ընդլայնման խնդիրների վրա, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր ազգային օրակարգը բոլոր արտաքին հարթակներում։ Այս ընթացքում չունեցանք ազգային կոնսենսուս երկրի հետպատերազմական զարգացման ռազմավարության վերաբերյալ, չտեսանք, որ Հայաստանը միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի մշտական մեխանիզմ նախաձեռնի՝ հաղորդակցությունների և տնտեսական հեռանկարների իր սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Հայաստանը միայնակ է, նույնիսկ՝ տարբեր գործընկերների տեսանելի աջակցության պարագայում։ Ակնհայտ է, որ նման աջակցությունն առաջին հերթին սպասարկում է հենց Հայաստանի գործընկերների ազգային շահերը։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» գաղափարը պետք է փոխարինվի ողջամիտ ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման, տարածաշրջանային փոխշահավետ գործնական համագործակցության և համազգային համախմբման օրակարգով»: