կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 15:16
Տարածաշրջան

Սահակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսիում լայնամասշտաբ հանրահավաք են անցկացրել

Սահակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսիում լայնամասշտաբ հանրահավաք են անցկացրել

Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի։ Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։

Ցույցին մասնակցել են ոչ միայն Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները, այլեւ Սահակաշվիլիի կողմնակիցները երկրի տարբեր շրջաններից։

Կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան Թբիլիսիի կենտրոնում հավաքվածներին հորդորել է շրջապատել կառավարության շենքը, ինչից հետո ոստիկանները շարվել են շենքի դիմաց։ Քաղաքական գործիչը խնդրել է ցուցարարներին՝ չցրվել այնքան ժամանակ, քանի դեռ Սահակաշվիլիին չեն տեղափոխել մասնավոր կլինիկա և չեղարկել «գողացված ընտրությունների» արդյունքները։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխել էին Թբիլիսիի Գլդանի արվարձանում գտնվող բանտային հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։

Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին՝  2013 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստան վերադառնալուց հետո։ Հայրենիքում նախկին նախագահը հեռակա դատապարտվել է չարաշահման համար՝ վեց տարվա ազատազրկման։

Սահակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում եւ բանտարկվելուց անմիջապես հետո, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Անձնական բժիշկը, փաստաբաններն ու հարազատները ամեն օր խոսում են նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման մասին և պահանջում նրան տեղափոխել քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկա։

Իշխանությունները համաձայնել են Սաակաշվիլիին տեղափոխել միայն Թբիլիսիի բանտային հիվանդանոց։