կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 13:44
Քաղաքական

Կուլիսների հետևում «արդարադատություն» իրականացնում են իշխանության այլ ճյուղեր․ Էրիկ Ալեքսանյան

Տիկին Դանիբեկյանն ամեն ինչն է մեզ արգելում․ ոչ միայն երկրից դուրս գալը, մեզ արգելում է անգամ խոսել։ Մենք ականատես եղանք, որ տիկին Դանիբեկյանն արգելում էր ինձ հայտարարությամբ հանդես գալ, առարկություն ներակայացնել, Արմեն Գևորգյանին էր արգելում։ Մենք ականատես ենք լինում, որ Աննա Դանիբեկյանը նույն գործելաոճը շարունակում արդեն նոր՝ պաշտպանություն ստանձնած փաստաբանի մասով․ խոսքը Լուսինե Սահակյանի մասին է․ «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ խոսելով դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, մասնավորապես՝ նրա մասնակցությամբ դատական վերջին նիստերի:

«Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցեր ԵԽԽՎ-ին, Աննա Դանիբեկյանը չթույլատրեց: Գործուղման հետ կապված ՝ ԱԺ-ն փոխանցել էր որոշակի գումար, բայց, քանի որ չստացվեց, տրամաբանական է, որ պետք է գումարը վերադարձվեր, այսինքն՝ գույքի արգելանքը պետք է վերացվեր ու գումարը հետ վերադարձվեր, բայց միջնորդությունը մերժվեց: Ընդհանուր առմամբ պետք է գնահատենք տիկին Դանիբեկյանի վարքագիծը․ նա ամեն ինչ անում է, որպեսզի վնաս հասցնի պետությանը: Երկրորդ՝ նա չի թույլատրում, որպեսզի պետական միջոցը վերադառնա բյուջե: Ինչ վերաբերում է անձնական վերաբերմունքին, Աննա Դանիբեկյանն ունի հատուկ վերաբերմունք իմ ու Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Գուցե շատ սիրելուց է, չեմ կարող ասել»,- ասաց նա:

Խոսելով դատական համակարգում առկա խնդիրների մասին՝ փաստաբան Ալեքսանյանը նշեց․ «Այնպես չէ, որ դատական իշխանությունը միշտ անկախ է եղել։ Եղել են խնդիրներ, բայց այն, ինչ մենք տեսնում ենք վերջին ժամանակներում՝ գործող իշխանության օրոք, նման բան երբեք չի եղել»։

Փաստաբանը նշեց, որ այսօր գործադիր իշխանության համապատասխան ներկայացուցիչներն են որոշում՝ այս կամ այն անձը ձերբակալվի՞, թե՞ ոչ, ինչպիսի՞ խափանման միջոց ընտրվի։ Այսինքն՝ ՀՀ-ում  արդարադատությունը, որը պետք իրականացնի բացառապես դատարանը, ուրիշներն են իրականացնում։

«Կուլիսների հետևում «արդարադատություն» իրականացնում են իշխանության այլ ճյուղեր»,- ասաց Ալեքսանյանը։