կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 13:29
Իրավական

Ծրագրվել էին սպանություններ, թիրախում` իշխանության առանձին ճյուղեր, քաղաքացիներ. ԱԱԾ

Ծրագրվել էին սպանություններ, թիրախում` իշխանության առանձին ճյուղեր, քաղաքացիներ. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն փորձում է պարզել, թե ի՞նչ աղբյուրներից է ֆինանսավորվել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խումբը: Հայտնի է միայն, որ գումարները տրվել են ՀՀ տարածքում:

Այսօր լրագրողները ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է հանցախումբը կապ ունենա ահաբեկչական խմբավորումների հետ: «Մամուլում եղան նման հրապարակումներ: Մենք գիտենք, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, այդ վարկածը քննության է առնվելու. ՀՀ դատախազության միջոցով համապատասխան հարցումներ կուղարկվեն՝ պարզելու, թե նա Սիրիայում կոնկրետ ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, ի՞նչ կապեր ունի արտասահմանում, և արդյո՞ք մեզ հայտնի կազմակերպություններն առնչություն ունեն նրա հետ, թե՞ ոչ»,- ասաց նա ՝ հորդորելով զինվել համբերությամբ:

ԱԱԾ պաշտոնյան չմանրամասնեց, թե հանցախումբը կոնկրետ ում նկատմամբ, երբ, ինչ է ծրագրել՝ նշելով, որ այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի հետո:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքեր է ունեցել ԱԱԾ պետը` ծրագրվելիք հանցագործությունները «հրեշավոր» բնութագրելու համար, և կոնկրետ ի՞նչ հանցագործությունների մասին է խոսքը, ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն ասաց. «ԱԱԾ տնօրենը, մենք` բոլորս, դուք ևս, եթե տեղեկանաք ծրագրված հանցագործությունների մանրամասներից, ապա նույն գնահատականը կտաք: Մենք տեսնում ենք, որ ծրագրել են հանրության համար շատ վտանգավոր սպանություններ` շատերի կյանքի համար շատ վտանգավոր եղանակով, որն այլ կերպ ուղղակի բնութագրել չի կարելի»:

Համբարձումյանի խոսքով՝ խմբի կազմակերպած հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, իշխանության առանձին ճյուղերի ու պետական մարմինների դեմ: