կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 20:25
Իրավական

Ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները. ԱԱԾ

Ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվել են «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները:

Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշել է ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրելառաջարկություններ՝ պետական սահմանում իրադրության սրման պայմաններում սահմանապահ զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Նշենք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները: Համատեղ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ընդհանուր առմամբ սահմանահատել է 82671 անձ, 15427 տրանսպորտային միջոց։

Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դրական գնահատելով «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները, շնորհակալություն է հայտնել Սահմանապահ զորքերի ողջ անձնակազմին՝ ակտիվ մասնակցության և բարեխիղճ ծառայության համար:

«Աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում անմիջապես մեր հարևանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել, վերհանել և աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,- իր խոսքում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարել է պլանավորել և իրականացնել առավել մասշտաբային վարժանք։