կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 14:44
Հասարակություն

Օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 1024 հրդեհային դեպք

Օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 1024 հրդեհային դեպք

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 6-ին՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: 

Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը, կադրային քաղաքականության բաժնի պետ Քրիստինե Ռաթևոսյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը: 

Արմենուհի Գրիգորյանը զեկուցել է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրառվել է թվով 870 տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կնքվել են 178 պայմանագրեր, որոնք հանձնվել են փորձագետներին` փորձաքննություն իրականացնելու նպատակով, 622 ԱՎՕ-ներին տրվել են դրական եզրակացություններ: Ուսուցանվել են տեխնիկական անվտանգության 164 մասնագետեր:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից հաշվետու ժամանակահատվածում 307 երկրաշարժի տվյալ է գրանցվել: Սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ միջոցառումների շրջանակում իրականացվել են շենք-շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ՝ ինչպես պետական համալիր ծրագրերի համաձայն, այնպես էլ պայմանագրային հիմունքներով:

Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել են 1024 հրդեհային դեպքեր, նախորդ ամսվանից փոխանցվել է 168-ը, հարուցվել է 8 քրեական գործ:

ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանի զեկույցի համաձայն` օգոստոսին Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մասնագետների հետ ուսումնական հաստատությունն իրականացրել է 120-ժամյա տեսական և գործնական դասընթացներ, անցկացվել է առաջին օգնության ցուցաբերման թեմայով 40-ժամյա դասընթաց` ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունում և Լուսակերտի ուսումնական բազայում: Ակադեմիայի ՏՏ խումբն ԱԹՍ-ների միջոցով իրականացրել է անտառային հրդեհների դեպքում և դրանցից խուսափելու համար վարքականոնների վերաբերյալ ազդարարման թռիչքներ Հրազդան-Հանքավան ճանապարհահատվածում` Մեղրաձորի հարակից հանգստյան գոտիներում: Ազդարարման նպատակով թռիչքներ են իրականացվել նաև Սևանա լճում: Ռեկտոր Մաթևոսյանը տեղեկացրել է, որ սկսվել են ուսուցողական ԱԹՍ-ների տեխնիկական հագեցվածության աշխատանքներ, նախագծման փուլում է գտնվում ունիվերսալ ռոբոտ սարքի ստեղծումը: Այն իրենից ներկայացնում է անօդաչու թռչող սարք, որը կարող է քայլել պատերի վրայով: Նախարար Ա. Փիլոյանը նշել է, որ ԱԹՍ-ների կիրառման հետ կապված ուսանողների և մարզային վարչությունների փրկարարների պատրաստվածությանն ուղղված աշխատանքը պետք է շարունակվի, գերատեսչությունն իր առջև խնդիր է դրել` մարզային վարչություններին ապահովել անօդաչուներով:

Հ. Մաթևոսյանը տեղեկացրել է նաև, որ օգոստոսին շարունակվել է ընդունելության գործընթացը. առաջին կուրս ընդունվել է 174 դիմորդ`107-ը հեռակա, մագիստրոսական ծրագրով ընդունելությունը շարունակվում է: Միջին մասնագիտական ծրագրով առաջարկվում է 90 անվճար տեղ:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել է քաղպաշտպանության թեման ուսումնական հաստատությունների դասաժամերում ներառելու հարցը. գործընկերը դրական է արձագանքել: Ա. Փիլոյանն անդրադարձել է նաև պատվաստումների գործընթացին: