կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 17:54
Արցախ

Մարդկանց մտցրին թմբիրի մեջ․ կորցրեցինք Արցախը, կորցնում ենք Հայաստանը․ Թաթուլ Կրպեյանի դուստր

Հայրս՝ Թաթուլ Կրպեյանն իր գործով, իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը։ Հայրս իր կարճ, բայց բովանդակալից կյանքով սերունդներ կրթել եւ շարունակում է այդ առաքելությունը։ Ցույց տվեց օրինակ, որից կարելի է սնվել, ոգեւորվել եւ արժանի լինել այդ օրինակին,-Yerkir.am-ին ասաց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի պատերազմի ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։

Նրա խոսքով՝ հիմա էլ, ինչպես 103 տարի առաջ՝ Առաջին Հանրապետությունը կերտելիս, մենք պետք է պայքարենք, դեմ գնանք բոլոր խանգարող ուժերին, կանխատեսումներին, հանդգնենք եւ ունենանք ամուր պետություն։ 

«Հետ ենք գնում 103 տարի առաջ․ իրողությունները՝ հնի ու նորի, շատ տարբեր չեն։ Արամ Մանուկյանն ասաց՝ մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին։ Թե՛ մեր սահմանները, թե՛ պետականությունը պաշտպանելիս եւ ներսում՝ մեր խնդիրները լուծելու հարցում։ Սա պետք է մեզ համար կարգախոս լինի։ մեր բոլոր հաջողությունների եւ անհաջողությունների ակունքներում մենք ենք, եւ առաջին հերթին մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ասպրամ Կրպեյանը։ 

Թշնամին համարյա երկու շաբաթ է՝ Հայաստանի սահմանների ներսում է, Հայաստանի այսօրվա ղեկավարությունը թույլ չի տալիս կրակել, գերեվարել թշնամուն, ընդհակառակը, խոսում է նրա հետ բարեկամություն սկսելու մասին։ Տեսակով ուժեղ ենք, բայց թմբիրի մեջ ենք։ Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ այս վիճակին հասանք հետեւողական աշխատանքի արդյունքում։

«Հետեւողական աշխատանքի արդյունքում մարդկանց պարուրեցին խորը նիրհի շղարշով, կարծես սեղմակ կա, սեղմեցին, ու ինքնապահպանման բնազդը անջատվեց։ Եթե 3, 2, 1 տարի առաջ այստեղ՝ այս այգում խոսեինք այս մասին, բոլորը կասեին՝ անհնար է, որ թուրքը մտնի մեր տարածք։ Հնարավոր չէ թշնամու ուժերը մտնեն հայկական տարածք, մնան անպատիժ, շարունակեն դիրքավորվել։ Մարդիկ տագնապ կունենային, կփորձեին տարբեր գործողություններ ձեռնարկել, ինչո՞ւ չեն անում հիմա․ այդ նիրհի մեջ են։ Ինքնապահպանման բնազդը եւ էդ վտանգը, որը իրենց տեւական եւ համառ տարատեսակ տեխնոլոգիաներով փորձել են մաշեցնել, մարդիկ ուղղակի չեն կարողանում դրան ադեկվատ եւ ճիշտ արձագանքել։ Չես կարող մեղադրել։ Դրա համար պետք են ազգային մոտեցումներով, ազնիվ մղումներով մարդիկ, որոնք իրենց ուսերին կվերցնեն էդ բեռը՝ նորից սեղմակը միացնելու»,-ասաց Հայաստանի ազգային հերոսի դուստրը։

Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ պետք է ժողովրդի մեջ արթնացնել պայքարի ոգին։ 2016-ին, երբ Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք փոքրիկ հողակտոր, մարդիկ տագնապով էին խոսում այդ կորստի մասին, որի համար տղաներ զոհվեցին, իսկ հիմա թմբիր է, եւ ժողովուրդը քնած է։

«2016-ի պատերազմի արդյունքում կորսված մի քանի հարյուր հեկտար տարածքի առնչությամբ այդտեսակ մեկնաբանություններ եղան, եւ տեսաք՝ ինչ ուղղորդված հակաքարոզ հաջորդեց՝ ինչպե՞ս եք համարձակվում հայրենիքը համարել․․․մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, եւ ձայն հանող չկա»,-եզրափակեց Հայաստանի Ազգային հերոս, ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի դուստրը։

Մանրամասն՝ տեսանյութում