Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը մարտի 28-ից ապրիլի 5-ը հովվական այցով գտնվել է Բուլղարիայի Հանրապետությունում: Սրբազանին ուղեկցել է Բուխարեստի հայոց ծուխի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացնում են Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանից, մարտի 28-ին, եպիսկոպոսական տոնական պատարագ է մատուցվել Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի օրվա առիթով, կատարվել է ճյուղերի և մանուկների օրհնություն, այնուհետև Սրբազանը հանդիպել է եկեղեցական վարչության անդամներին և վարչության ատենապետ Մասիս Բագդատյանին: Վերջիններս ներկայացրել են ծխական գրասենյակներում կատարված նորոգության աշխատանքները, որի շնորհիվ առավել բարեկարգ և նպաստավոր պայմաններ են ստեղծվել համայնքում հոգևոր և մշակութային ակտիվ կյանք ունենալու համար:
Ըստ աղբյուրի՝ մարտի 29-ին Սրբազանը մեկնել է մայրաքաղաք Սոֆիա, ուր ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել պատերազմից հետո Հայրենիքում ստեղծված սոցիալական և հումանիտար խնդիրներին, խոսվել եկեղեցի-դեսպանություն, եկեղեցի-պետություն համագործակցության մասին, կարևորվել ակտիվ փոխգործակցությունը երկու կառույցների միջև:
Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանի տեղեկացմամբ՝ նույն օրը Սրբազանը հանդիպել է Սոֆիայի եկեղեցական վարչության անդամների, վարչության ատենապետ Օնիկ Փիլիպոսյանի և հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հադավյանի հետ։ Քննարկվել են նոր եկեղեցու շինարարության ընթացքին և օծմանը վերաբերող հարցեր, այնուհետև Սրբազանն անձամբ այցելել է շինհրապարակ` կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ ցուցումներ տալու համար: «Աստծո կամոք և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ որոշվեց սեպտեմբեր ամսին կատարել նորակառույց եկեղեցու օծումը»,- հայտնում է Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանը:
Հաջորդ օրը, մարտի 30-ին, Սրբազանն այցելել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆյայի գրասենյակ, ուր հանդիպել միության պատվո նախագահ Սոնյա Պետրոսյանի և միության անդամ Կարինա Գևորգյանի հետ: Սոնյա Պետրոսյանը ներկայացրել է Բարեգործականի կողմից վերջին ընթացքում իրականացված ծրագրերը, ապագայում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, խոսվել է Հայաստանում ստեղծված իրավիճակի և Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման, հայոց վերածննդի և վերստին բարգավաճելու հնարավորությունների մասին:
Ըստ աղբյուրի՝ մարտի 30-ին Տաթև Սրբազանը հանդիպել է Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանի, տեղի եկեղեցական վարչության անդամների և վարչության ատենապետ Պերճ Ջանիկյանի հետ: Քննարկվել են եկեղեցու և համայնքից ներս ընթացող ծրագրերին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
Ապրիլի 1-ին Սրբազանն այցելել է Դոբրիչ քաղաք, ուր Վերջին Ընթրեաց պատարագ է մատուցել տեղի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, հավարտ որի հանդիպել է եկեղեցական վարչության ատենապետ Պողոս Մանուկյանի և վարչության անդամների հետ: Վերջիններս ներկայացրել են եկեղեցում կատարված վերանորոգչական աշխատանքները, Սրբազան Հոր ցուցումով որոշվեցլ է ստեղծել նաև թանգարան:
Նույն օրը կեսօրին Սրբազան Հայրը Ոտնլվայի կարգ է կատարեց արդեն Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ երեկոյան՝ Խավարման կարգ:
Ապրիլի 2-ին, ուրբաթ օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում կատարվել են Խաչելության և Թաղման կարգերը:
Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանը հայտնում է, որ ապրիլի 3-ին Սրբազանը մեկնել է Բուրգաս քաղաք, ուր մատուցել է Ճրագալույցի Ս. Պատարագ, հավարտ որի տրվել է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը: Բուրգասի եկեղեցական վարչության անդամները և վարչության ատենապետ Սարգիս Կարաջյանը ներկայացրել են եկեղեցում կատարված և մասնավորապես տանիքի վերանորոգության աշխատանքներն ու հետագա անելիքները:
Ապրիլի 4-ին Տաթև Սրբազանը Զատկական պատարագ է մատուցել արդեն Վառնայի հայոց եկեղեցում: Տիրոջ Հարության տոնի առիթով հրապարակվել է նաև Տաթև Սրբազանի պատգամը և քարոզը՝ ուղղված բուլղարահայությանը, ուր մասնավորապես նշվում է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի հրաշափառ Հարության փրկարար տոնի առիթով Մեր օրհնությունն ենք հղում ձեզ և ասում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»՝ ավետելով, որ Քրիստոսի հարությամբ տեղի ունեցավ բաղձալի հաշտեցումը Արարչի և արարածի միջև: Քրիստոս հարություն առավ և ցրվեցին Իր ամեն թշնամիները, հարությամբ խորտակվեց մահը, քավվեց մարդկային մեղքը: Հարության խորհրդով և իրողությամբ հաշտեցվեց աշխարհը Աստծո հետ և հնարավորություն տրվեց մարդուն վերագտնելու դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը: Այլևս թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:
Թեև հարության տոնն այս տարի նշում ենք հայ ազգի և Մայր Հայրենիքի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ խարխլված են հայոց պետականության հիմքերը, կորսված է Մեր պատմական Հայրենիքի մի մասը, հազարավոր ընտանիքներ դարձել են որդեկորույս ու սգակիր, այնուամենայնիվ հարության խորհրդով Մեր առջև նշմարվում է լույսի ճանապարհը և հաղթանակի հույսը:
Մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդն անցել է խաչելության ու Գողգոթայի ճանապարհը, բայց ամեն անգամ հարություն ենք առել, վերածնվել ու վեր հառնել մոխիրներից: Հայ ժողովուրդը ցեղասպան է եղել, բայց վերապրել է, որի վկաները Մեր տարագիր նախնիների աշխարհասփյուռ սերունդներն են: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում շատ հաճախ նմանվել է Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա է բարձրացել, խաչակից եղել Տիրոջը, բայց միևնույն ժամանակ հաղորդակից եղել նաև փառքին և հարության հավատքով հարություն առել:
Այսօր, երբ Մենք նշում ենք Տիրոջ հարության տոնը, Մենք նշում ենք Աստծո հաղթանակը ո´չ միայն մահվան, այլև չարի նկատմամբ: Եվ այդ հաղթանակը միայն Աստծունը չէ, այլ Կատարյալ Աստծունը և Կատարյալ Մարդունը, Ով Հիսուս Քրիստոս է և Ով Իր մարդկային բնությամբ հաղթեց չարին: Մեզանից յուրաքանչյուրը, Քրիստոսի մարմնի անդամը լինելով, օրվա ավետիսով զորացած, պիտի կարողանա հաղթել չարին: Խաչելով Քրիստոսին` մարդիկ ոչ թե հաղթեցին, այլ, ընդհակառակը, պարտվեցին, քանի որ Քրիստոսի խաչելությամբ չվերացավ ճշմարտությունը կամ հավիտենական կյանքը: Մենք ամեն օր մեռնում ենք Քրիստոսի հետ և հարություն առնում Քրիստոսի հետ: Մենք այսօր նշում ենք Քրիստոսի հրաշափառ հարությունը, բայց այսօրվան հասանք Քրիստոսի խաչելության ու մահվան միջոցով:
Այսօր, առավել քան երբևէ, երբ կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, կարիք ունենք ազգովի նորոգվելու, վերափոխվելու, հարուցյալ Փրկչին Մեր կյանքից ներս ընդունելու: Աշխարհը ևս կարիք ունի կյանքի նորոգության, քանզի խախտված է ներդաշնակությունը Արարչի և արարածի, մարդու և բնության միջև: Մարդկային կյանքն արժեզրկված է, մոլորակի տարբեր անկյուններում պատերազմներ և աղետներ են, չկա կայուն խաղաղություն, արդարամտություն: Ասվածիս ապացույցը ամիսներ առաջ Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմն էր, ուր հայ ժողովուրդը դարձյալ մաքառում էր խաղաղ ապրելու և ստեղծագործելու իր իրավունքի համար: Ցանկացած պատերազմ ապացույցն է այն բանի, որ մարդկությունը դեռևս քայլում է խավարի ճանապարհով և այս ընթացքի մեջ հրաշափառ հարության ավետիսը Մեզ լցնում է լավատեսությամբ, նոր կյանք սկսելու հնարավորությամբ ու հույսով: Քրիստոսի պարգևած փրկության շնորհներն ընդունելով, հոգով վերածնվելով՝ Մենք պետք է գտնենք կամքն ու զորությունը կյանքը վերափոխելու, նոր էջ բանալու, լույսի ճանապարհով ընթանալու, արդի աշխարհի խնդիրներն ու հրամայականները հաղթահարելու համար:
Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս օրը Մենք աղոթում ենք նաև Արցախյան պատերազմում զոհված Մեր նահատակների համար: Պետք է շարունակենք պայքարել արդարության և խաղաղության հաղթանակի հավատով, կորուսյալ Հայրենիքի վերադարձի հավատով, Մեր սրբությունները՝ եկեղեցիներն ու վանքերը վերադարձնելու հավատով, խավարը լույսով, մահը կյանքով, խաչելությունը հարությամբ փոխարինելու հավատով ու կամքով:
Ինչպես տեղեկացնում է Ռումանիոյ հայոց թեմի մամուլի դիվանը, ապրիլի 5-ին, մեռելոցի օրը, Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ Առաջնորդական տեղապահի, կատարվել է հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգիների հանգստության և փրկության համար, ի մասնավորի աղոթք է բարձրացվել առ Աստված Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հոգիների համար:
Ըստ աղբյուրի՝ հովվական այցի ընթացքում բոլոր քաղաքներում եկեղեցական համայնքների և վարչությունների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախյան երկրորդ պատերազմին, Հայրենիքում ստեղծված ծանր իրավիճակին և իրականացված հումանիտար ծրագրերին: Միևնույն ժամանակ բուլղարահայությունը հույս է հայտնել և հավատ, որ Արցախի հարցը լուծված չէ և որ Արցախ աշխարհը պետք է շարունակի մասը կազմել Մայր Հայաստանի և Մայր Հայրենիքի: «Արցախի վերածնունդը և վերամիավորումը բուլղարահայության տեսլականն է և վստահաբար յուրաքանչյուր հայորդու տեսլականն ու նպատակը: Ամենուր Սրբազանն իր խոսքում մեկ անգամ ևս կոչ էր անում դուրս գալ հուսահատական վիճակից, լարել բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայել Հայրենիքի համար նոր և առավել լուսավոր ապագա կերտելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, այդ մտածումներով և Հայրենիքի վերածննդի տեսլականով էլ ապրիլի 5-ին Սրբազանը վերադարձել է Բուխարեստ, Ռումինիա: