Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վարկանիշը գահավիժել է: Ճիշտ է, իշխանական որոշ շրջանակներ չեն ընդունում այս փաստը և հակառակ պնդումն են անում, բայց այնուամենայնիվ դա ոչինչ չի փոխում: 2018 թվականին կար մի պնդում՝ «բան է փոխվել», և հաշվի նստեք այդ փոփոխության հետ: Այս պնդումնն իրականում կար, բայց անդառնալի չէր, ընդամենը իշխանություն էր փոխվել: Հնարավոր է, որ այն ժամանակ էլ կային մարդիկ, որ չէին կարողանում ընդունել, որ իրավիճակ էր փոխվել: Տղե՛րք, հիմա նույնպես «բան է փոխվել», անդառնալիորեն կորցրել ենք մեր եղբայրներին, ունենք բազմաթիվ վիրավորներ, Արցախի շուրջ 70 տոկոսն է հանձնվել թշնամուն: Սա չհասկանալ և հակառակ պնդումն անել, կնշանակի գործ ունենք բռնի կերպով իշխանություն պահելու փորձ անող խելապակաս խմբակի հետ: Սա հասկանալ և անհասկացող ձևանալ, կնշանակի գործ ունենք վտանգավոր վերահսկվող ու կառավարվող քաոսի հետ, որտեղ նպատակին հասնելու համար մարդկային կյանքերն արժեք չունեն: Հետևաբար, ընդունելի լինի, թե ոչ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին, նրա շահերն ու ցանկությունները:
Գաղտնիք չի նաև, որ 2018 թվականին Նիկոլի իշխանության գալով ՀՀ կառավարման տարբեր օղակներ սողոսկեցին մարդիկ, որոնք սկսեցին ծաղրել այն ամենը, ինչն ազգային է, իրար հերթ չէին տալիս, մեկը անթաքույց հպարտությամբ պատրաստ էր խոնարհվել թուրք ժողովրդի առջև, մյուսը ԱԺ ամբիոնից ծաղրում էր ազատագրական երգերը՝ «խփում ենք թուրքին ախպերս ու ես», հաջորդները նշում էին, որ տարբերություն չկա մարդը համավարակից է մեռնում, թե սահմանին, մյուսները քննարկումներ էին անցկացրել Թուրքիայում և հայտվել կրթության նոր չափորոշիչների կազմման հանձնաժողովներում, կային մարդիկ ովքեր իրենց իշխանազավթումն ավելի կարևոր էին համարում քան Արցախի ազատագրումը: Այս շարքը կարելի է հավերժ շարունակել:
Ամենակոշտ մեդոթներ էին գործի դրվել, որպեսզի վարկաբեկվեր ավանդական ընտանիքի գաղափարը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ու հովվապետը և սրբության սրբոց բանակը:
Արցախն առանձնահատուկ հարվածի տակ էր, նախ այն հայտարարվել էր հակահեղափոխականների որջ, որից հետո կատարվել էին առանցքային պաշտոնյանների փոփոխություն: Չկար Արցախի խնդրի լուծման սեփական տեսակետը, մի օր Նիկոլն ասում էր, եթե ինձ ասեն, որ կա ինչ որ լուծում, և համարեմ, որ կարելի է գնալ այդ ճանապարհով, կգամ կհարցնեմ ժողովրդին, հաջորդ անգամ ասում Արցախը Հայաստան է և վերջ:
Հավանաբար նրանց թվում էր, թե այս միտքը իրենցից բացի ոչ ոք ասելու ձևը չգիտեր: Ինչևէ ունենք մի վիճակ, որ փաստացի չկան բարեկամ երկրներ կամ գոնե ծպտունները դուրս չեկավ, երբ Նիկոլի «կիրթ ու գրագետ» ընկերը սպանում էր հայերին բառիս ուղիղ իմաստով:
Արցախը հանձնվեց գաղտնի, գիշերով: Ստորագրվեց կապիտուլյացիա, որտեղ գերիների վերադարձի մասին համաձայնություն կար, սակայն, «կիրթ ու գրագետ» Ալիևը խախտեց համաձայնությունը, ամեն օր Նիկոլի վրա մատ թափ տվեց, ծաղրեց, ՀՀ տարածքները հայտարարեց պատմական Ադրբեջան, անցավ GPS-ով հողերի զավթմանը, իսկ ՀՀ վարչապետի աթոռ մաշողն ի՞նչ արեց, այո դուք ճիշտ եք՝ ոչինչ: Կամ ինչու՞ ոչինչ, այս շրջանում հասցրեց ասել, որ Շուշին դժբախտ, դժգույն ադրբեջանական քաղաք է, իսկ Սյունիքից այն կողմն Ադրբեջան է:
Ունենալ ձախողված իշխանություն, քայքայված տնտեսություն, անատամ դիվանագիտություն, սոցիալական ծանր վիճակում հայտված մարդիկ, թանկացումներ, անվտանգային համակարգերի թուլացում, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողում, մահեր, պատերազմում պարտություն, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինվորներ, հանձնված հայրենիք և, ունենալ վարկանիշ հայ ժողովրդի մեջ, կնշանակի, որ ժողովուրդը ազգ դառնալուց բավականին հեռու է: Բնականաբար այդպես չէ, և հայ ազգը կասեցնելու է այս հայրենադավ ընթացքը:
Նիկոլը վարկանիշ չունի, և նրան շտապ օգնություն է պետք լինելու: Իսկ օգնության կարող են հասնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կենտրոններից, և նրանց տարածաշրջանային կուրատոր Թուրքիան: Պատահական չէ, որ այս իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր անելու, ճանապարհները բացելու, հայ ազգի նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեցողների հետ բարեկամություն անելու հայտարարություններով են հանդես գալիս:
1994 թվականի զինադադարից հետո Ադրբեջանն ի՞նչ արեց. ասեց հաղթել եք, բայց ես այս կարգավորմանը դեմ եմ, և, քանի դեռ բանակցություններով հարցը չի լուծվել, ճանապարհները փակում եմ: Նրան օգնության հասավ Թուրքիան և միասին շրջափակեցին Հայաստանը: Հիմա երբ կապիտուլյացիա է ստորագրել Նիկոլը, ուզում եմ հասկանալ՝ ճանապարհները ինչու՞ է ցանկանում բացել, եթե փաստացի չկա ոչ բանակցություն, ոչ էլ որևէ կարգավիճակ ու կարգավորման ֆորմատ: Արդյո՞ք Նիկոլը սրանով ցույց չի տալիս, որ Արցախի կորստի հետ համաձայն է, և արդյո՞ք դա հայ ազգի հավաքական նպատակներին դեմ չի: Միայն այս երկու դրվագն իրար կողքի դնելով արդեն պարզ է դառնում, թե ինչ ծրագիր է իրականացվում մեր աչքի առաջ:
Թուրքիան շատ մեծ խնդիր ունի հայ ազգի հետ: Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման հայ ազգի արդարացի պահանջը մշտապես խոչընդոտ է եղել Թուրքիայի համար, փակել է ճանապարհը դեպի ԵՄ, դեպի առաջադեմ մարդկություն: Թուրքիան խնդիր ունի ազատվել այդ խոչընդոտից, իսկ Նիկոլի իշխանությունը լավագույն միջոցն է: Հայոց ցեղասպանության թանգարանն անցյալ տարի փորձ արեց «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը վերախմբագրել և դուրս թողել պահանջը, իսկ առանց պահանջի պատմական արդարության վերականգնման այլ լուծում պարզապես չկա: Թուրքիան ոչինչ չի խնայելու այս խնդիրը լուծելու համար, մինչև Նիկոլ, նրան չի հաջողվել, Նիկոլից հետո էլ չպիտի հաջողի: Այն մեկ լուծում ունի՝ հատուցում:
Կարծում եմ, որ տեղի կունենա դավաճանական մի մեծ պրոցես, որն առաջին հայացքից այլ կերպ կներկայացվի: Ասել կուզեմ, որ այս տարվա ապրիլի 24-ին ընդառաջ հնարավոր է տեղաշարժի իմիտացիա արվի և պայմանականորեն ասած ԱՄՆ նորանշանակ նախագահ Բայդենը փորձ անի մեղմել հայ-թուրքական հարաբերությունները: Չեմ բացառում, որ փող, ներդրում, որոշներին փոխհատուցում խոստանան սահմանների բացելու դիմաց: Չեմ բացառում, որ սկսվի մի գործընթաց, որով փորձ արվի ստիպել հրաժարվելու պահանջատիրությունից և կեղծ բարեկամության թեզերը սկսեն ավելի լայն ճակատով ներխուժել ՀՀ տեղեկատվական դաշտ:
Անհրաժեշտ եմ համարում հատուկ պնդում անել առ այն, որ ՀՀ-ի անունից ոչ մեկը չգնա նման ապազգային գործարքի: Հայ ազգը չի կարող դիմակայել թուրքական կապիտալի և մարդկային «բարեկամական» ռեսուրսին, և 15-20 տարի հետ այլևս Հայաստան չի լինի:
Ուստի՝ ընդգծում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են թշնամական, զավթողական քաղաքականություն, իսկ այդ քաղաքականության վարմանը որևէ ձևով նպաստելը դավաճանություն է: Թուրքիան և Ադրբեջանը զավթել են մեր հողերը, սպանել են մեզ, հետևաբար պետք է պատասխանատվություն կրեն:
Արձանագրում եմ, որ այս իշխանությունները իրենցից վտանգ են ներկայացնում արդեն Հայաստանի և հայ ազգի համար: Սա նշանակում է, որ պետք են անհապաղ քաղաքական փոփոխություններ, անհրաժեշտ է ձևավորել նոր Ազգային Ժողով, նոր կառավարություն, իսկ այդ ձևավորման ընթացքը պետք է լինի առանց գործող կառավարության անցկացման ու վերահսկողության: Հայաստանում չի կարող լինել և չպետք է լինի թուրքական օրակարգեր իրականացնելու համար նպաստավոր դաշտ: Առաջիկա արհավիրքները կասեցնելու միակ միջոցը սա է:
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է, և ամենևին մտադիր չեմ ընկնել որևէ դավադրության մեջ: Ցանկացած մտահոգություն պետք է փարատվի: Ուշքի գալու ժամանակն ավարտվում է:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնխմբի նախագահ