Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները։
«Սկսել ենք Երևանի Կենտրոնից, որովհետև մայրաքաղաքի երթուղիների ճնշող մեծամասնությունն անցնում է Կենտրոն վարչական շրջանով: Վերահսկողական աշխատանքները, հաջորդող օրերին, ավելի ինտենսիվ են լինելու: Պահանջելու ենք ուղեսրահներում ուղևորների կողմից դիմակների պարտադիր կրումը, ախտահանիչ նյութերի առկայությունը և գերբեռնվածության բացառումը»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:
Բոլոր նշված պահանջները չկատարելու դեպքում կազմվելու են համապատասխան արձանագրություններ տեսչական մարմինների ու Ճանապարհային ոստիկանության կողմից: Տեսչական մարմինների կողմից երկու, երեք օրը մեկ պարբերականությամբ իրականացվելու են շրջայցեր երթուղիների հավաքակայաններում, ավտոկայարաններում հսկողություն իրականացնելու տրանսպորտային միջոցներն ախտահանելու գործընթացի նկատմամբ:
«Այսօր հիմնականում իրազեկման բնույթի գործողություններ ենք իրականացել, վարչական արձանագրություններ չեն կազմվել: Վաղվանից խստացվելու է վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում կլինեն արձանագրություններ»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:
Տեսչական մարմիններն ու Ճանապարհային ոստիկանությունն առաջին օրը կատարած հսկողության արդյունքում արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ուղևորները, վարորդներն առանց դիմակի են, արձանագրվել են տրանսպորտային միջոցներ, որտեղ չկան ախտահանիչներ և այլն: Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ նախքան վերահսկողական աշխատանքները, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում կապ են պահպանել բոլոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ, իրազեկել են, պարտադիր պահանջների կատաման ցուցումներ են տվել: Խախտումների դեպքում կլինեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքների տեսքով: Դիմակ չկրելու համար տուգանելու է Առողջապահական տեսչական մարմինը, գերբեռնվածության վերաբերյալ ճանապարհային ոստիկանությունը կիրառելու է վարչական պատասխանատվություն: Առանց դիմակի ուղևորներն իջեցվելու են տրանսպորտից: Գերբեռնվածության դեպքում տրանսպորտը կարող է տարվել տուգանային հրապարակ:
Հայաստանում մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 016 դեպք, որոնցից 164 954-ն` առողջացման, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6 008 պացիենտ: Մարտի 7-ին կատարվել է 2 465 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 170 և մահվան 4 դեպք: