կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-31 17:53
Սպորտ

Փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն

Փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն

Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել և այսօր շատ լուրջ հարցականի տակ են անվտանգության երաշխիքները՝ միայն ռուս խաղաղապահներին թողնելը բավարար չէ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Վերջինս վստահեցնում է՝ մեր ժողովուրդը պետք է զգա Հայաստանի հանրապետության որպես համայն հայության իղձերի իրականացման կենտրոնի, այդ երաշխավորի դերն ու դերակատարությունը: Մինչդեռ, այսօր ունեն լուրջ մտահոգություն, որ Արցախին նոր վտանգ է սպառնում։

«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք Արցախի նախագահը քաղաքական ուժերին ներկայացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի քննարկումների մասին տեղեկատվություն եւ ընդհանրապես, ինչպես են վերաբերում, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրվում է միայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, բայց ոչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Եւ սա այն դեպքում, երբ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ուղերձ հրապարակեց, որտեղ նաև նշեց, որ բոլոր կարևոր հարցերը պետք է արժանանան Անվտանգության խորհրդի համաձայնությանը։

«Իմ կարծիքով, այստեղ այլ գործընթաց է տեղի ունենում: Անվտանգության խորհրդի նիստերին Արայիկ Հարությունյանի մասնակցությունը՝ առանց ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, նշանակում է, որ հարցեր կան, փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն, նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակության նման ինչ-որ բան: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է զգույշ լինի, հերթական անգամ չընկնի այդ թակարդը, եթե ինքը թակարդ ընկնելու տրամադրություն չունի, բայց այն, որ նոր թակարդ է լարվում, դա ակնհայտ է, այլապես Վիտալի Բալասանյանը կմասնակցեր ԱԽ համատեղ նիստերին և մտահոգություններին»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր ճշտող հարցին՝ թե կոնկրետ ու՞մ կողմից է այդ թակարդը լարվում, Իշխանյանն արձագանքեց՝ «շատ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների»:

Դառնալով Արցախի ներքաղաքական վիճակին, քաղաքական ուժեր-Արայիկ Հարությունյան համագործակցությանը՝ Իշխանյանը պատասխանեց. «Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, չենք կարողացել համագործակցության առաջարկների եզրեր գտնել նրա հետ, որովհետև իրական սկզբունքների շուրջ չենք կարողացել համաձայնության գալ, կարծում եմ, այդ սկզբունքներն են կարևոր»։