Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Իրանի Հյուսիսային եւ Հարավային շրջանների Կենտրոնական կոմիտեներն արձագանքել են Փաշինյանի՝ Լիտվայում արված հայտարարությանը՝ տարածելով համատեղ հայտարարություն: Ստորև ներկայացնում ենք այն.
Օրերս Նիկոլ Փաշինեանը Լիտւայի հայ համայնքի խիստ փոքրաթիւ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու եւ անւանարկելու հերթական փորձն է կատարել։
Նրա թիրախում այս անգամ յայտնւել են ՀՅԴ Իրանի կառոյցները։ Իր ելոյթում Փաշինեանը յայտարարել է, թե Իրանում Դաշնակցութեան կառոյցները փորձում են երկրի իշխանութիւնների մօտ բացասական իմիջ ձեւաւորել ՀՀ գործող իշխանութիւնների մասին՝ այդ կերպ հարւածելով Հայաստանի անվտանգութեան շահերին եւ պետականութեանը։
Այս առիթով հարկ ենք համարում նշել.
– Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայոց պետականութիւնը եղել է, կայ եւ կը մնայ որպէս բացարձակ արժէք, որի ամրապնդմանը եւ անվտանգութեան ապահովմանն են ուղղւած կուսակցութեան բոլոր կառոյցների գործադրած ջանքերը։
– Այս դէպքում, որոշակիօրէն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ՀՅԴ Իրանի կառոյցների ողջ ջանքերը ուղղւած են եղել բացառապէս հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդմանը, բարգաւաճմանն ու զարգացմանը։
Դաշնակցութեան մեծ ընտանիքն ընդհանրապէս, իսկ ՀՅԴ Իրանի կառոյցները՝ մասնաւորապէս, քաջ գիտակցում են, թե հայ-իրանական յարաբերութիւններն ինչպիսի առանցքային ռազմավարական նշանակութիւն ունեն Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան անվտանգութեան ապահովման, թուրք-ադրբեջանական տանդեմի ծաւալապաշտական նկրտումներին դիմակայելու եւ տարածաշրջանում կայունութեան ու անվտանգութեան պահպանման, ինչպէս նաեւ՝ ուժերի յարաբերակցութեան ու հաւասարակշռութեան ապահովման գործում։
Յիշեցման կարգով պէտք է նշենք, որ ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանութիւնների վարած անորոշ եւ ձախողւած արտաքին քաղաքականութիւնը, տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների չմտածւած յայտարարութիւնները եւ, մասնաւորապէս, 44-օրեայ պատերազմի նախօրէին Իրանի տարածաշրջանային գլխաւոր հակառակորդի՝ Իսրայէլի հետ դիւանագիտական յարաբերութիւնների մակարդակը կտրուկ բարձրացնելու չմտածւած փորձը միանշանակօրէն հարւածել են հայ-իրանական յարաբերութիւններին՝ հարցականի տակ դնելով այն՝ ինչը, որ ձեւաւորւել էր անցեալ 30 տարիների ընթացքում։
Այնպէս, որ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան՝ ՀՀ արտաքին քաղաքականութեան ոլորտում սեփական անյաջողութիւններն այլոց, այս պարագայում՝ ՀՅԴ-ի վզին փաթաթելու անյաջող եւ բարոյազուրկ փորձ։
Հաւաստիացնում ենք, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր Դաշնակցութեան Իրանի կառոյցների ողջ ջանքերը ուղղւած են լինելու բացառապէս Հայոց պետականութեան ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան շահերի ու անվտանգութեան ապահովմանը։
ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէ
ՀՅԴ Հարաւային Իրանի Կենտրոնական Կոմիտէ
Թեհրան-Նոր Ջուղա
Հոկտեմբերի 6, 2021թ.