կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 15:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը ներգրավվի 17 կուսակցությունների պայքարին․ Լևոն Քոչարյանի պարզաբանումը

Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ ներգրավվի 17 կուսակցությունների ընդդիմադիր պայքարին՝ հարցին, 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանեց՝ ես չեմ ուզում ոչինչ բացառել կամ հաստատել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Շենգավիթի դատարանի առջև լրագրողների հետ զրույցում նա, ամեն դեպքում, նշեց, որ այսօր նման բան չկա։

Հարցին՝ ե՞րբ է Ռոբերտ Քոչարյանը մտնելու քաղաքական դաշտ, Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ ինքը շուտվանից է քաղաքականության մեջ, դրա մասին բազմիցս ասվել է։

«Հետագա գործողությունների մասով դեռ առիթ կլինի խոսելու։ Դեռ ժամանակ կլինի հանրությանը ներկայացնելու, թե ինչ ձևով և եղանակով է դա լինելու»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ ընդդիմությունն առաջ է տանում իր օրակարգը՝  ժամանակավոր կառավարությունը, որ, ըստ իրեն, ճիշտ է, իշխանությունն էլ իրենն է ասում։

«Բայց, այս դեպքում, որոշողն իշխանությունն է, և եթե ինքն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների, ուրեմն վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանը երկու անգամ վարչապետ պետք է չընտրի, և իրենց ուզածը կլինի։ Այն, ինչ ընդդիմությունն է ուզում, իհարկե, կարող է լինել, բայց այդ բանալին իրենց ձեռքում չէ։ Եթե իշխանությունն այդպես է ուզում, կարող է հենց այսօր էլ սկսել այդ գործընթացը, ինչո՞ւ չի անում»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ արդյո՞ք ընտրությունների ժամանակ իշխանությունը լծակներ չի օգտագործի, Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ այն, ինչ մենք տեսել ենք նախկինում, հատկապես պատերազմի օրերին, այդ սուտը, կեղծիքը, որոնցով իշխանությունն առաջ էր գնում, մտածում եմ, որ ոչնչի առջև չեն կանգնելու․ այդ տեսակի մարդիկ պատրաստ են ամեն ինչի, միայն թե վերարտադրվեն։

Լևոն Քոչարյանը նշեց, որ հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց մեկնել է Արցախ և փորձել հնարավորին օգտակար լինել, սակայն իշխանությունները անտեսել են նրան։

«Պատերազմից մի քանի օր անց մենք մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք, ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։ Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այսինչ բանը գնացեք ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսած, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչը կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,– ասաց Լևոն Քոչարյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերը մեկնաբանելով՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ ամենի վերջնական պատասխանը կստանանք, երբ լինի իշխանափոխություն և քննություն անցկացվի։

«Ինձ թվում է, անմտություն է մտածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող էր ասել՝ ճիշտ է, գործակալ է։ Մենք տեսանք, թե ինչ խոցելի է մեր անվտանգությունը։ Այս մարդիկ, եթե իշխանության գլխին են, խոցելի է»,-ասաց նա։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։

«Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2,5 տարի շարունակ զգուշացնում էինք»,-ասաց նա։

Լևոն Քոչարյանի համոզմամբ, այս ամենը շատ մեծ խայտառակություն է, որը հիմա, ցավոք, ավելի վառ դարձավ։ Նրա խոսքով՝ իշխանությունների աներեսությունն ապշեցնում է։

«Այս ամենից հետո մնալը աբսուրդի ժանրից է։ Ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․