Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունների ընթացքում՝ Լոռու մարզում, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ այն հարցերին, որոնք այս պահին ապացուցված են՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ պատերազմին, մենք այդ ամուր դիրքերը կկարողանայինք պահել, նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարողանային ճիշտ կարգավորել բանակի աշխատանքը, մենք այդ կորուստները չէինք ունենա։ Մի քանի օրից հետո արդեն, երբ վատ վիճակում էր ռազմական ընթացքը և կարելի էր պատերազմը կանգնեցնել, մենք պատերազմը կարող էինք կանգնեցնել ավելի քիչ կորուստներով»,-արձանագրեց Վազգեն Մանուկյանը։
Նա նաև ապացուցված է համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ դավաճանությա՞ն պատճառով, թե՞ հիմարության պատճառով, դա առանձին հարց է։
Որից հետո ստորագրվեց եռակողմ հայտարարությունը․ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ նույնիսկ այդ վիճակում այդ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ․ զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն, առևտուր չի արել այդ փաստաթուղթը լավացնելու համար։
Վազգեն Մանուկյանն՝ ինքը, հետևելով ռազմական բանակցություններին, Ալիևի հայտարարություններին, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներին, մի բան է պնդում․ ամսի 8- 9-ի կողմերը ադրբեջանական բանակն էլ պահանջ ուներ հրադադարի։ Զենք-զինամթերքն իրենց մոտ շատ էր, զինվորները շատ էին, բայց իրենց մոտ էլ կար բավականին մեծ հոգնածություն, և ներքին դժգոհություն Ադրբեջանի ներսում՝ չնայած հաղթանակին։
«Այսինքն, դա այն վիճակն էր, որ մենք կարող էինք լուրջ առևտուր անել ու նվաստացուցիչ շատ կետեր այդ եռակողմ հայտարարության մեջ չէին լինի»,-եզրակացրեց վարչապետի միասնական թեկնածուն։
Եղավ այդ եռակողմ հայտարարությունը՝ նշեց նա․ մի կողմից, իհարկե, լավ է՝ պատերազմը վերջացավ, բայց այդ փաստաթուղը կործանարար խայտառակություն էր մեր ժողովրդի, մեր պետության համար։
«Մենք պարտության վրա ավելի շատ մարդ կորցրինք, քան հաղթանակի համար» Մենք ունենք հարյուրավոր գերիներ։ Ես գիտեմ՝ ինչ է նշանակում գերի լինել Ադրբեջանում․ սարսափում եմ՝ պատկերացնելով նրանց մի մասի վիճակը։ Մինչև հիմա այդ գերությունից ինչ-որ մարդիկ չեն կարողացել վերադառնալ։ Մենք կորցրել ենք մեր բանակը, ջարդված է մեր բանակը, մնացորդներ են մնացել մեր բանակից, մենք կորցրել ենք միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք։ Մենք ունենք տնտեսական հսկայական կորուստներ․ կործանարար խաղաղության մեջ մենք մտանք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նաև արձանագրեց, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը այնքան վրդովված էր իրեն զգում այս վիճակից, որ պահանջում էր անհապաղ հեղափոխություն անել և ազատվել այս իշխանություններից, բայց կային նաև մարդիկ, ովքեր ասում էին՝ պատերազմը վերջացել է, եկեք գնանք առաջ։
«Բայց նրանք չեն հասկանում, որ, այս պայմաններում, պարտությունը շարունակվում է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք Իշխան Սաղաթելյանի խոսքը։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում․