Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերձորի մի շարք բնակիչներ, որոնց միացել են նաև Աղավնաձորի բնակիչները, Yerkir.am-ի խմբագրությանն են փոխանցել ՀՀ կառավարությանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված բաց նամակ, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգարժան կառավարություն
Հարգարժան նախարարություն
Այս դժնի ու անհույս օրերին, հասկանալով ՀՀ-ում և ԱՀ-ում առկա իրավիճակը, այնուամենայնիվ, չկարողացանք զսպել մեր զարմանքը` ծանոթանալով ՀՀ կառավարության 21.11.2020թ. N 1820-Լ և 27.11.2020թ. N 1891-Լ որոշումներով սահմանված` Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառմանը, ավելի ճիշտ, որոշման ՑԱՆԿԻՆ, որով սահմանվում են բնակավայրերը, որոնց բնակիչները կարող են օգտվել աջակցության ծրագրից: Այսպիսով, նշված ցանկից բացակայում է Բերձորը: Դա, առնվազն, զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել:
Այսինքն, եթե կա կառավարության որոշում, որով սահմանված միջոցառման նպատակն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը, ապա տարրական տրամաբանությունը հուշում է, որ կառավարության որոշման ցանկում Բերձորի չընդգրկվելը կարող է ունենալ միայն ու միայն ներքոնշյալ պատճառներից որևէ մեկը.
ա) բերձորցիներին Արցախի քաղաքացի չեք համարում,
բ) բերձորցիները չեն տեղահանվել,
գ) բերձորցիները տեղահանվել են, բայց ո՛չ պատերազմի հետևանքով:
Այսպիսով, քանի որ վերոնշյալ պատճառներից ոչ մեկը ճշմարիտ չէ, մնում է ենթադրել, հարգարժան բարձրաստիճան տիկնայք և պարոնայք, որ դուք որոշել եք ընդամենը խնայողություն կատարել բերձորցիների հաշվին` հօգուտ որոշ (հասարակությանը ոչ անհայտ) ֆոնդերի: Ցավալի է, շատ ցավալի, որ հաշվի չեք առել անգամ այն հանգամանքը, որ բզկտված, վերահառնած, ապա նորից բզկտված Բերձորը ողջ Հայաստանից հետ չի մնացել պատերազմին իր մասնակցությամբ: Ավելին, պատերազմի առաջին իսկ օրից Բերձորի որդիները եղել են ճակատի առաջնագծում: Եվ հիմա, ի՞նչն է պատճառը, որ դուք հանրային դժգոհության նման իրավիճակում ձեր դեմ եք տրամադրում հարյուրավոր բերձորցիների, որոնք տարիներ շարունակ եղել են մեր պետության օրինապահ քաղաքացիներ և կատարել են իրենց պարտքը պետության հանդեպ:
Մեծարգո պարոնայք. հարգեք խնդրում ենք մեր կարգավիճակը, տուն-տեղից զրկված և լուրջ դժվարությունների առաջ կանգնած մարդկանց մի առանձնացրեք, մի զրկեք աջակցությունից: Վերանայե՛ք ձեր որոշումը: