|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Թուրքիան կավարտի Ս-400 զենիթահրթիռային համակարգերի փորձարկման հիմնական փուլը: «Կատիմերինի» պարբերականը գրում է, որ հակաօդային պաշտպանության համակարգը, որն Անկարան ձեռք է բերել Մոսկվայից, փորձարկվել է չորս օրվա ընթացքում՝ ինքնաթիռների և այլ օդային թիրախների հայտնաբերման հնարավորության նպատակով:
Ըստ «Վոեննոյի օբոզրենիե» պորտալի՝ այս ամսվա սկզբին Թուրքիայի զինված ուժերը Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը տեղափոխել են Սև ծովի ափ՝ Սինոպի շրջանում վարժանքներ իրականացնելու: Այնուհետև Աթենքը մտավախություն հայտնեց, որ նման տեղակայման դեպքում Թուրքիան կարող է փորձեր իրականացնել Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ներառյալ՝ F-16 կործանիչները, Արևելյան Միջերկրական ծովի ափին հայտնաբերելու համար:
Միևնույն ժամանակ, հունական ԶԼՄ-ները նշում են, որ զորավարժությունները կարող են իրականացվել նաև Սև ծովում, այդ թվում`Ղրիմի տարածաշրջանի օդային տարածքը վերահսկելու համար:
Ավելացվում է՝ հենց Թուրքիան սկսեց զորավարժությունները Ս-400–ներով երկրի հյուսիսում և հենց ցույց տվեց զգալի ակտիվություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, իրենց հերթին, ուժեղացրին հարվածները Սիրիայի Իդլիբում և արաբական հանրապետության այլ տարածքներում՝ ոչնչացնելով զինյալների, տարածքներ և ավազակային կազմավորումների ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք, փաստորեն, վերահսկվում են թուրքական հատուկ ծառայությունների կողմից:
Ենթադրվում է, որ սա Մոսկվայի ասիմետրիկ պատասխանն էր, որը ցույց տվեց՝ կան «կարմիր գծեր», որոնց վրայով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չպետք է անցնի։