կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-28 15:46
Առանց Կատեգորիա

Համավարակը և մենք. միասին կհաղթենք

Համավարակը և մենք. միասին կհաղթենք

Արդեն շուրջ 6 ամիս աշխարհը տնքում է համավարակի ծանր բեռի տակ: Այն հարվածեց ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետություններին: Անկում են ապրում տնտեսությունները: Միակ ցուցանիշը, որ աճում է, վարակակիրների թիվն է, ինչը, մեղմ ասած, տխուր է: Այս իրավիճակը, բնականաբար, չէր կարող չազդել նաև Հայաստանի վրա: Սակայն ազդեցությունը կարող էր անհամեմատ փոքր լինել, եթե պատկան մարմինները լուրջ վերաբերմունք ցուցաբերեին՝ կորոնավիրուսին զանազան մակդիրներով «զարդարելու» և «հեգնելու» փոխարեն: Այն օրերին, երբ «անտեսանելի թշնամին» իր ճանկն էր գցել մեր տարածաշրջանը, Հայաստանի կառավարությունը ողջ կազմով շարունակում էր հակասահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը:

Նույնիսկ մարտի 1-ից հետո, երբ Հայաստանում գրանցվեց վարակման առաջին դեպքը, հանրահավաքները չդադարեցվեցին: Իսկ արդեն մարտի 12-ին բարձրացավ վարակման 2-րդ ալիքը, որը մինչ օրս սանձել չի հաջողվում: Արդյունքում՝ 1 մլն բնակչի հաշվարկով վարակակիրների և մահերի թվով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է «պատվավոր» առաջին հորիզոնականը: Եվ նույնիսկ այս դեպքում իշխանությանը մեկնված օգնության ձեռքը մնում է օդում: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց ընդամենը 10 օր անց՝ մարտի 23-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կառավարությանը ներկայացրեց հակաճգնաժամային կառավարման առաջարկությունների փաթեթ՝ բաղկացած 48 կետերից, այդ թվում՝ առողջապահության, կրթության, Զինված ուժերի, տրանսպորտային անվտանգության, սոցիալական քաղաքականության վերաբերյալ:

Պատկան մարմինների կողմից չեղավ որևէ արձագանք: Ինչի՞ մասին է խոսում իշխող ուժի այս պահվածքը՝ մեծամտությա՞ն, տոտալ անկարողությա՞ն, թե՞… Այնուամենայնիվ, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցն իր ողջ ներուժը գործի դրեց հայրենիքի և հայրենակիցների դժվարությունները փոքր-ինչ մեղմելու համար: Մարտի 22-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ապա մարտի 25-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ակցիաներ իրականացրին, որոնց ընթացքում ախտահանվեցին շենքերի շքամուտքեր, տրանսպորտային միջոցներ, ավտոմեքենաներ, նստարաններ և կանգառներ, քաղաքացիներին բաժանվեցին բժշկական դիմակներ և ձեռնոցներ։ Ծանր պահին հայրենիքի ու հայրենակիցների կողքին լինելու լավագույն ապացույցը, թերևս, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների նախաձեռնած «Օգնիր հայրենակցիդ-միասին կհաղթենք» օժանդակության ծրագիրն է:

Այն ի սկզբանե կյանքի էր կոչվել սահմանամերձ բնակավայրերում ապրող անապահով ընտանիքներին առաջին անհրաժեշության պարենային ապրանքներով օգնելու համար, սակայն ժամանակի ընթացքում մեծացրեց իր գործունեության շրջանակը: Արդյունքում առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեսքով օգնություն ստացան ինչպես սահմանամերձ, այնպես էլ այլ բնակավայրերում բնակվող ընտանիքներ: Այս ամենը իրականություն դարձնելու համար կազմակերպվեց դրամահավաք, որին միացան նաև ՀՅԴ սփյուռքի երիտասարդական կառույցները, որոնց թվում՝ Արևելյան Ամերիկայի, Արևմտյան Ամերիկայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Բելգիայի երիտասարդական միությունները, սփյուռքում գործող հայրենակցական միությունները, հայկական դպրոցները եւ անհատներ: Անհրաժեշտ է նշել նաև ՀՅԴ ուղեկից կառույցների՝ ՀՕՄ-ի և ՀՄԸՄ-ի ներդրումը, ինչի շնորհիվ օգնություն ստացան նաև Շիրակում, Վայոց ձորում, Սևանում և Վարդենիսում բնակվող մեր հայրենակիցները: Ընդհանուր առմամբ՝ օգնություն ստացան Երևանում, Տավուշում, Վայոց ձորում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Շիրակում, Լոռիում բնակվող շուրջ 2000 ընտանիքներ ( 26.06.2020թ. դրությամբ):

Օգնության հաջորդ խմբաքանակը ուղարկվելու է Սյունիքի մարզ, որտեղ օգնություն է տրամադրվելու շուրջ 300 ընտանիքի: Այս այցելությունների ընթացքում պատահած հետաքրքիր դեպքերի պակաս չկա, սակայն ներկայացնենք դրանցից մեկը: 2012 թ. հակառակորդը գնդակոծել էր սահմանապահ Չինարի գյուղը և հարձակվել հայկական դիրքերի վրա, որի հետեւանքով զոհվել էր երեք զինծառայող։ Դեպքերից հետո Դաշնակցության երիտասարդները այցելել էին Չինարի՝ իրենց զորակցությունը հայտնելու գյուղի բնակչությանը և հանգանակություններով փոքրիկ նվիրատվություն էին արել գյուղի դպրոցին։ Երիտասարդներից մեկը՝ Հովհաննեսը, հասցրել էր ընկերանալ Չինարիում բնակվող փոքրիկ Նարեկի հետ, ում հետ բաժանումը բավական հուզիչ էր ստացվել։

8 տարի անց երիտասարդները նորից Չինարիում էին, այս անգամ՝ սահմանապահ գյուղի բնակիչներին օգնելու հաղթահարել ճգնաժամը։ Երիտասարդը երկար փնտրտուքից հետո գտնում է Նարեկին, ով արդեն մեծացել էր և 8 տարվա վաղեմության դեպքերից էլ գրեթե ոչինչ չէր հիշում։ Բայց այս հանդիպումը ավելի քան հուզիչ է ստացվում։ Նարեկը պատմում է, թե որքան է սիրում Չինարին ու ասում, որ չի ուզում երբևէ հեռանալ գյուղից։ Նրանք միմյանց հրաժեշտ են տալիս հին ընկերների պես՝ նոր հանդիպման հույսով։

Այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Դաշնակցությունը հայրենիքի կողքին է, երբ հայրենիքը ծանր դրության մեջ է, և իր բոլոր միջոցներով պատրաստ է ծառայել հայրենիքին: Դաշնակցական երիտասարդները վստահ են, որ Միասին ուժեղ ենք և միասին կհաղթենք: Ինչ վերաբերվում է կառավարությանը՝ այս ընթացքում ձեռնարկված ամենաարդյունավետ միջոցառումը, թերևս, դիմակներ բաժանելու ակցիան է, որին լծված է գրեթե ողջ պետական համակարգը…

Անահիտ Դանիելյան

arfd.am