Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցը ՀՅԴ Արցախի ԿԿ-ի մայիսի 25-ի հայտարարության, Արցախի ներքաղաքական իրավիճակի, Արցախում ՀՅԴ ապագա անելիքների մասին է:
-Ի՞նչն է պատճառը, որ ՀՅԴ Արցախի կառույցը նպատակահարմար չի գտել նոր կառավարության մաս կազմել, որո՞նք էին ընտրված նախագահի հետ բանակցությունների թեմաները և արդյո՞ք պաշտոններ են առաջարկվել ՀՅԴ-ին:
-Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ է նախաձեռնել համագործակցության, ներազգային համերաշխության միտումներով: Այդ բանակցություններից անմասն չէր նաև ՀՅԴ Արցախի կառույցը: Դեռևս ապրիլի 22-ին ՀՅԴ Արցախի ԿԿ Ստեփանակերտի գրասենյակում մենք առաջին պաշտոնական հանդիպումը ունեցանք և փորձեցինք ճշգրտել մեր սկզբունքները ոչ միայն ձևավորվող կառավարության, այլ ընդհանրապես երկրի զարգացման ուղղությամբ:
Մենք չէինք կարող անտեսել այն կարևոր սկզբունքները, որոնց շուրջ Արցախի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում հասել էինք որոշ փոխըմբռնման: Խոսքն այն 7 կետերի մասին է, որոնք մենք հրապարակել էինք դեռևս 2019թ. օգոստոսին համապատասխան հայտարարության մեջ: Այնուհետև տարբեր քաղաքական ուժերի հետ նախաձեռնել էինք միասնական օրակարգի ձևավորում այդ սկզբունքների շուրջ: Անշուշտ, այդ սկզբունքները 2020թ. մարտին կայացած համապետական ընտրություններից հետո մեր դիտարկմամբ պետք է լինեին Արցախի զարգացման հիմնական ուղղությունները: Այդ սկզբունքներն իրենց մեջ ներառում են թե ներքին և թե արտաքին հիմնախնդիրները հաղթահարելու ելքեր: Հենց այդ սկզբունքների շուրջ էին մեր բանակցությունները և մենք փորձեցինք նախագահ Հարությունյանին մեկ անգամ ևս ներկայացնել դրանք: Դեռևս ընտրություններին նախորդած շրջանում այդ օրերին նախագահի թեկնածու և «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը սկզբունքորեն ընդունել է բոլոր կետերը: Այս հանգրվանում, որպես ընտրված նախագահ, մեզ համար կարևոր էր մեկ անգամ ևս այդ հարցերի շուրջ քննարկումներ ծավալելը: Կարծես թե, խորքային առումով ընդունելի էին մեր առաջարկները, բայց մյուս կողմից նաև պետք է մեկ կարևոր կետի անդրադառնալ:
Մեր համոզմամբ, իշխանության մաս կազմելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան որոշումների կայացման գործընթացում դեր և ազդեցություն ունենալ: Այսինքն, մեր համագործակցության չափը ուղղակի համեմատության մեջ է այն բանի հետ, թե Դաշնակցությունն ինչ դեր է ունենալու քաղաքական որոշումների կայացման առումով: Մենք առաջարկել էինք որոշ սկզբունքային հարցերի շուրջ համախոհական կարգով որոշումներ կայացնելու գործելաոճը: Այդ պարագայում մեզ համար երկրորդական էր, թե ինչ ծավալի պատասխանատվություն մեզ կառաջարկվեր: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ տարբեր գերատեսչություններ ղեկավարելու և համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկ ևս եղել է: Այնուհանդերձ, Կենտրոնական Կոմիտեն նպատակահարմար չի գտել մաս կազմել այս կառավարությանը:
-ԱՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, վերջերս նաև հուշագիր է ստորագրվել «Միասնական հայրենիք» կուսակցության հետ: Արդյո՞ք հնարավոր համարում եք իշխանությունների և այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:
-Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ: Մենք մեր հայտարարությամբ նաև բարի երթ ենք մաղթել նոր ձևավորվող իշխանություններին՝ հավատարիմ մնալով անցած 30 տարիներին Դաշնակցության սկզբունքներին՝ միշտ լինել Արցախի պետության կողքին, միշտ աջակցել Արցախի պետականության կայացմանը և նրա առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարմանը: Եթե իշխանություններն իրենց գործունեության ընթացքում շեղվեն այն ընդհանուր սկզբունքներից, որոնց մասին նրանք բարձրաձայնել են ոչ միայն նախընտրական քարոզարշավի շրջանում, այլև նախագահ Հարությունյանի երդման արարողությանը հաջորդած ելույթի ժամանակ, ապա, բնականաբար, Դաշնակցությունը ցուցաբերելու է ամենակոշտ կեցվածքը: Իսկ եթե նրանք հավատարիմ մնան և շարունակեն այդ սկզբունքների շուրջ կառավարել և ղեկավարել երկիրը, բնականաբար, մենք միշտ էլ լինելու ենք աջակիցը: Մեր գործունեության առանցքը լինելու է Արցախի պետության հզորացումը և Արցախի հիմնահարցի վերջնական լուծունը:
Ինչ վերաբերում է վերջերս ստորագրված հուշագրին, ապա մենք նախկինում ականատես ենք եղել նմանատիպ փաստաթղթի: Ուզում եմ հիշեցնել 2015թ. «Ազատ հայրենիք» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների միջև կնքված խորհրդարանական համագործակցության հուշագրի մասին: Անցած 5 տարիների ընթացքում խորհրդարանում այս երկու քաղաքական ուժերի միջև համագործակցությունն այնքան էլ սահուն չէր: Այնպես որ, կարծում եմ, որ այս փաստաթուղթը ևս վարագույր է լինելու, որի մի կողմում հուշագիրն է, իսկ մյուս կողմում՝ այլ գործընթացներ: Այնուամենայնիվ, երկու քաղաքական ուժերը քաղաքական փաստաթուղթ ստորագրելու պարագայում պետք է միմյանց և հասարակության հանդեպ պատասխանատվություն կրեն: Դաշնակցությունը, ելնելով հենց այդ պատասխանատվության գիտակցումից, առաջարկել է առանցքային հարցերում համախոհությամբ (կոնսենսուս) որոշումներ կայացնելու փաստաթուղթ ստորագրել, որը չի ընդունվել: Այլ պարագայում մեզ կվերապահվեր միայն դիտորդի կամ քաղաքական գործընթացների հետևորդի կարգավիճակը:
-Մաս չկազմելով ձևավորվող կառավարությանը, արդյո՞ք ՀՅԴ-ն այսուհետ ընդդիմադիր ուժ կհամարվի:
-Դաշնակցությունն իշխանական ուժ չէ: Ուրեմն դասական առումով համարվում է ընդդիմություն: Սակայն Արցախում քաղաքական դասական այս բաժանումները չեն աշխատել: Դեռևս երեք տարի առաջ իշխանության մաս լինելով հանդերձ, մենք դեմ էինք Սահմանադրությանը, իսկ 2000-2005 թվականներին Դաշնակցությունն ուներ նախարար և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կուսակցականներ, բայց խորհրդարանում ընդդիմություն էր: Ինչևէ, երևի ավելի ճիշտ կլինի օգտագործել «կառուցողական ընդդիմություն» բառակապակցությունը:
Հստակ է, որ քաղաքական ուղեգծի փոփոխություն է տեղի ունեցել: Անշուշտ, ընդդիմություն հասկացությունն ունի իր երանգները: Սա կախված կլինի նաև իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունից և գործելաոճից: Չի կարելի իշխանությունների գործունեությունը գնահատել միայն հայտարարություններով: Անշուշտ, մինչ այժմ շրջանառվող կառավարման սկզբունքներն ու ուղղություններն ականջահաճո են, սակայն այդ ամենին պետք է հաջորդեն գործնական քայլերը: Մենք ուշի ուշով հետևելու ենք այդ քայլերին և հուսով ենք, որ իշխանությունները հավատարիմ կմնան իրենց հռչակած քաղաքական կուրսին և կառաջնորդվեն հենց դրանցով:
-Ձեր հայտարարության մեջ հույս եք հայտնել, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարևորված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպե՞ս կմեկնաբանվի այն ընդդիմադիր դիրք որդեգրելու պարագայում:
-Ընդդիմություն լինելը ինքնանպատակ չէ: Ընդդիմության դերը կայանում է նրանում, որպեսզի կարողանա ճիշտ գնահատել, ճիշտ քննադատել, ճիշտ ուղղությամբ առաջնորդել հանրությանը և կառուցողական առաջարկներով թե զսպողի և թե վերահսկողի դեր ստանձնել իշխանությունների նկատմամբ: Մյուս կողմից էլ՝ իշխանությունը պարտավոր է տեղ տալ ընդդիմությանը, զերծ մնալ քաղաքական հալածանքներից, ստեղծել համապատասխան պայմաններ ընդդիմության դաշտի կայացման համար: Այս պարագայում կարևոր է, որպեսզի երկուստեք լինի «համադրված» աշխատանք: Այդ աշխատանքը չպետք է ձևական բնույթ ունենա, իշխանության և ընդդիմության գործունեությունը պետք է ծավալվի երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:
Կարևոր է, որպեսզի երկուստեք թշնամանք չստեղծվի, հակադրությունները բնական են, որոնց արդյունքում հնարավոր է զարգացում ապահովել, հաղթահարել հիմնախնդիրները: Ցավոք սրտի, քաղաքական գիտակցության բացակայությունը հաճախ հանգեցնում է թշնամանքի ու ատելության: Ամեն պարագայում այդ թշնամանքից պետք է խուսափել: Ատելության մթնոլորտն Արցախի քաղաքական ուժերին հարիր չէ:
—Ապրիլի 9-ին ՀՅԴ Արցախի ԿԿ հայտարարության մեջ նշվում է, որ 2020թ. մարտի 31-ին կայացած ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատավոր երևույթների հետ: Կոնկրետ ի՞նչի մասին է խոսքը, արդյո՞ք դրանք վճորոշ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:
-Մեր ժողովրդի հիշողությունից չպետք է դուրս մղվեն վերջին 30 տարիների ընթացքում ամենաարատավոր և քաղաքական ծանր հետևանքներ ունեցած 2005թ. ընտրությունները: Այն ժամանակ իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի գործող ընդդիմությանը՝ Դաշնակցությանը և նրա շուրջ համախմբված ուժերին, դուրս մղի քաղաքական ասպարեզից կամ նվազեցվի նրա դրա: Այս էր 2005թ. ընտրությունների ընդհանուր «փիլիսոփայությունը»: Եվ այս առումով 2020թ. համապետական ընտրությունները շատ համադրելի են 2005թ. հետ:
Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել: Սակայն այս ընտրական գործընթացներում ժողովուրդն իր սրտի խորքում զգացել է 2005թ. ընտրական գործընթացների գործիքակազմը: Գուցե այդ ամենը ընկալելի և տեսանելի չէր մարտին նախորդած ժամանակաշրջանում, բայց հետընտրական շրջանում հետադարձ հայացք ձգելով և վերլուծելով մենք չենք վարանել և այս ընտրությունները համադրելի ենք համարել 2005թ. ընտրությունների հետ:
-Անժխտելի է ՀՅԴ դերակատարությունը համահայկական առումով, ՀՅԴ եղել է այն շարժիչ ուժը, որն Արցախի շուրջ համախմբել է ամբողջ հայությանը: Նոր իրավիճակում արդյո՞ք կարող է նվազել Արցախի շուրջ համախմբվելու համազգային ներուժը:
-Դաշնակցության ներուժի օգտագործումը բխում է հայ ժողովրդի ազգային և պետական շահերից: Անցած 13 տարիների ընթացքում մենք կարողացել ենք բավարար չափով համահայկական ներուժն օգտագործել: Այդուհանդերձ, կարևորը գործող իշխանությունների պահվածքն է և պատրաստակամությունը: Խնդիրն այն չէ, թե Դաշնակցությունը իշխանության մեջ էր կամ ոչ, բայց գործող իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի, կարողացել են ճիշտ ըմբռնել Դաշնակցության տեղն ու դերակատարությունը համահայկական տիրույթում, նաև Արցախյան հիմնահարցի հանգուցալուծման շրջանակներում, ԱՀ միջազգային ճանաչման գործընթացում: Մենք հույս ունենք, որ նոր իշխանությունները կշարունակեն նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը:
Բավականին բարդ ներքաղաքական իրավիճակում մենք կփորձենք արտաքին ճակատի մեր հնարավորությունները լիարժեքորեն օգտագործել: ՀՅԴ Արցախի կառույցն առանցքային դերակատարություն ունի համահայկական մակարդակով թիրախների ճշտման և ուժերի համախմբման գործում:
-Ձեր հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև Սահմանադրական փոփոխությունների հարցին և նշվում էր, որ դրա շուրջ ինչ-որ համախոհություն գոյություն ունի: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իշխող քաղաքական ուժը 3 տարի առաջ կողմ է քվեարկել գործող Սահմանադրությանը, արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր համարում եք Սահմանադրական բարեփոխումների իրականացումը, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են:
-2017թ. ՀՅԴ Արցախի կառույցը դեմ արտահայտվեց Սահմանադրության առաջարկված նախագծին և համակիրներին հորդորեց դեմ քվեարկել դրան: Ցավոք սրտի, այն ընդունվեց և մենք առաջնորդվում ենք այդ Սահմանադրությամբ: Մեր հայտարարությունների մեջ և բանակցությունների ընթացքում կարևորվել է Սահմանադրական փոփոխությունների հարցը: Այդ հարցի շուրջ մենք քննարկումներ ենք ծավալել Արցախում գործող 15 կուսակցությունների հետ և գրեթե բոլորը, այդ թվում նաև իշխող քաղաքական ուժը և նորընտիր նախագահը կողմ էին, որ ընտրություններից հետո Սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսվի: Դեռևս հնարավորություն չենք ունեցել նախագահ Հարությունյանի հետ այդ հարցը քննարկել: Բայց օրեր առաջ ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վերահաստատել է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը:
Մենք առաջիկայում առիթ կունենանք այլ քաղաքական ուժերի հետ ևս քննարկումներ ծավալել: Դաշնակցությունը միշտ էլ կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին և առաջիկայում, հավանաբար աշնանը, մենք կփորձենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
-Ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում նվազել է ՀՅԴ մանդատների թիվը, արդյո՞ք հնարավոր համարում եք այլ խմբակցությունների հետ հաամգործակցությունը և ընդհանրապես ինչպե՞ս կգնահատեք ԱՀ ԱԺ նոր կազմը:
— Պետք է շեշտել, որ Դաշնակցության դերակատարությունը պայմանավորված չէ մանդատների թվով, իհարկե եթե բացարձակ մեծամասնություն չէ: Անցած 10-ամյակների ընթացքում ազգային-պետական շահերից բխող ՀՅԴ նախաձեռնությունները, հազվադեպ էին համախոհներ գտնում:
Ի համեմատություն 6-րդ գումարման Ազգային Ժողովի, այս խորհրդարանի հետ մեծ հույսեր կապելը դժվար է: Արդեն իսկ կայացած խորհրդարանի առաջին նիստում ակատես եղանք արհեստավարժության սկզբունքի անտեսմանը: Խոսքը վերաբերում է նոր Ազգային Ժողովի ղեկավար կազմի՝ հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, ընտրությանը:
Ինչ վերաբերում է այլ խմբակցությունների հետ համագործակցությանը, Դաշնակցությունն ունի իր ուղեգիծը և ծրագրային հիմնադրույթները, որոնցով առաջնորդվելու է:
Հարցազրույցը վարեց՝ Տաթևիկ Աղաջանյանը