կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 13:30
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 80 մլդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրերից առաջինը կառավարությունը հաստատեց

Մասնավոր ներդրումների աճը խթանելուն միտված՝ տնտեսական երկարաժամկետ զարգացման առաջին ծրագիրը կառավարությունը հաստատեց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ ճգնաժամի մեկնարկին հայտարարել էին՝ 25 մլդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր կիրականացնեն, 25մլդ-ի՝ տնտեսական աջակցության և 80 մլդ դրամի՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմնան ծրագրեր։ Նա հայտարարեց, որ սա հենց այդ  80 մլդ դրամի ծրագրերից առաջինն է։

Ծրագրի նպատակը ներդրումները խթանելն է․ ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպություններում ներդրումների ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ կառավարությունը գերազանցել է տնտեսական ծրագրերի 25 մլրդ դրամի սահմանագիծը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում մինչև 50 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

Այսինքն առաջարկվում է դիտարկել մինչև 50 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ կատարելով փայի ձեռք բերումը տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամ։

Ընդ որում, առաջին 5  միլիարդ ՀՀ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է Ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը Ֆոնդի կանոններով սահմանված կարգով հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի ձեռքբերման դիմաց վճարումն իրականացվում է Ֆոնդի կառավարչի կողմից նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումներ իրականացնելու փաստի մասին կառավարությանը գրավոր ծանուցելուց հետո։

Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փայի ձեռքբերումը տեղի կունենա կառավարության որոշման հիման վրա՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն առնվազն հետևյալ պայմանները. մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. Ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում,  մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով.

բ.Ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակկստանա առնվազն այդ ներդրումներիհանրագումարի չափով վարկային միջոցներ.

Ֆոնդում ՀՀ կառավարության կողմից ձեռքբերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները պետք է օգտագործվեն ներդրումների իրականացման նպատակով, իսկ ընթացիկծախսերն իրականացվում են տոկոսային եկամուտների հաշվին, բայց ոչ ավել, քան կազմակերպություններում փաստացի մասնակցության մեկ տոկոսը չգերազանցող գումարի չափով:

«Կառավարությունն այս փուլում 5 մլրդ դրամ է տալիս ԿԲ-ում ստեղծված հիմնադրամին, որի կառավարիչ է հանդիսանում Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը: Եվ ասում ենք՝ այս դրամագլուխը պետք է օգտագործվի ներդրումներ խթանելու համար: Հիմնադրամը պետք է փնտրի ու գտնի պոտենցիալ ներդրողների, որոնք կունենա վստահելի նախագծեր եւ ներդրողի ներդրած մեկ միավորի դիմաց՝ 1-2 մլն դոլարի սահմաններում, պետք է ներդնի ևս մեկ միավոր՝ պայմանով, որ ևս երկու միավոր պետք է ներգրավվի որպես փոխառու միջոց: Այս պահին 5 մլրդ դրամը տրամադրում ենք եւ ասում, որ այս ծրագիրն ունի 50 մլրդ դրամի պոտենցիալ: Կառավարությունը բաժնեմաս է ունենում այս ծրագրերում եւ որոշակի ժամանակահատվածում իր բաժնեմասն օտարում է»,-ամփոփեց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում․