կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 14:52
Քաղաքական

Չինաստանը քննարկում է ամերիկացի պաշտոնյաների դեմ պատասխան պատժամիջոցների հարցը

Չինաստանը քննարկում է ամերիկացի պաշտոնյաների դեմ պատասխան պատժամիջոցների հարցը

Չինաստանը դժգոհ է COVID-19-ի տարածմանը Պեկինի մասնակցության հարցում ԱՄՆ դիրքորոշմամբ եւ քննարկում է առանձին անձանց, կազմակերպությունների եւ պաշտոնատարների դեմ պատասխան պատժամիջոցների հարցը. այս մասին գրում է Global Times-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտնել էր, որ ԱՄՆ Սենատ է ներկայացրել COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկում է պատժամիջոցներ սահմանել, եթե Չինաստանը չներկայացնի հիվանդության բռնկման առաջացման մասին ամբողջական հաշվետվություն: Օրինագծին աջակցել են եւս 8 հանրապետական սենատորներ:

Չինաստանը օրինագծի ներկայացման կապակցությամբ վճռական բողոք է հայտնել. վերջինս այն փաստերն անտեսող  է անվանել։ 

Ըստ պարբերականի՝ պատժամիջոցային ցուցակի մեջ կներառվեն նվազագույնը 4 կոնգրեսական եւ 2 կազմակերպություն: Պատժամիջոցների ենթարկվելու «թեկնածուների» թվում է նաեւ Միսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիդտը, որը Չինաստանին դատի է տվել՝ մեղադրելով կորոնավիրուսի համավարակի մեջ:

«Չինաստանը կպատասխանի ոչ թե սոսկ խորհրդանշորեն, այլ կընդունի հակամիջոցներ, որոնք նրանց համար ցավագին կլինեն»,- ասել են վերլուծաբանները:

Հավելենք՝ ԱՄՆ Սենատ ներկայացված օրինագծով առաջարկվում է 2 ամսվա ընթացքում Կոնգրեսին հավաստել, որ Չինաստանը տրամադրել է համավարակի առաջացման վերաբերյալ ամբողջական հաշվետվություն եւ փակել է բոլոր շուկաները, որտեղ վիրուսը կարող էր վայրի կենդանիներից անցնել մարդկանց: Գրեմը միաժամանակ պահանջում է ազատել բոլոր ակտիվիստներին, որոնք Հոնկոնգում ձերբակալվել են համավարակը սկսվելուց հետո: