կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 14:26
Հասարակություն

Տաքսու վարորդները դարձյալ բողոքում են

Տաքսու վարորդները դարձյալ բողոքում են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհատ տաքսիստները հայտարարեցին, թե 19 կետից բաղկացած գրավոր պահանջ են ներկայացնելու Սերժ Սարգսյանին, իսկ կիրակի օրը` ժամը երկուսի սահմաններում, հավաքվելու են Հրազդան մարզադաշտի մոտակայքում, ներկայացնելու իրենց պահանջները, այնուհետև ավտոերթ են անելու: Տաքսիստները պահանջում են հանել «անհավասարությունները»,  թեթեւացնել հարկային բեռը, նվազեցնել կայանատեղիների համար սահմանված վճարը:

 

«Գյուղական համայնքներում գրանցված տաքսիստներից պահանջում են 5000 դրամ, իսկ մեզանից 12000 դրամ: Բա դա արդա՞ր է: Ես չեմ ասում` գյուղում վարի մեքենա, մենք էլ քաղաքում, և տարբերություն չլինի, բայց եթե գյուղական համայնքում գրանցված տաքսիստը ինձ նման քաղաքում է վարում մեքենան, ո՞րն է էլ տարբերությունը: Պահանջում ենք վերանայել այս կետն` անպայման: Կապարակնքման համար պահանջում են 2400 դրամ, բայց բոլորիս է հայտնի, թե տաքսիստները ինչպես կարող են փոխել հաշվիչի ցուցմունքը: Այս թիվը որտեղի՞ց են վերցրել: Ո՞վ է սահմանել այդ գումարը: Հաշվիչի կապարակնիքը ի՞նչ է` ոսկո՞ւց է: Հաջորդ հարցը գազաբալոնների ակտի հետ կապված է: Էլի կոռուպցիոն տեղ է ստեղծվում: Ինչի՞ համար 10000 դրամ տանենք, տանք: Սրանք անհեթեթ օրենքներ են»,- հայտարարեց վարորդներից մեկը:

 

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են բողոքում, եթե հարկային բեռն իրականում թեթեւացել է, եւ ի վերջո, չեն կարող լրիվ օրենքից դուրս աշխատել, վարորդները չկարողացան պատասխանել:

 

Նշենք, որ նոր օրենքով անհատ տաքսիստների ամսական հարկը` 14.500 դրամը, նվազեցվել է` դառնալով 12.000 դրամ` Երևանի համար: Հանրապետության մյուս քաղաքներ համար հարկը կազմում է ամսական 8000 դրամ, իսկ գյուղական համայնքների անհատ տաքսիստները պետք է վճարեն 5000 դրամ` ամսական: Անհատ տաքսիստների համար վերացել է նաև տարեկան 25.000 դրամ պետական տուրքի պահանջը: Իսկ տաքսի ծառայությունների համար` մինչև 4 մեքենայի համար, տարեկան պետական տուրքը կազմում է 100.000 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն: