կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-30 20:27
Քաղաքական

Ինչու՞ ընդդիմությունը չտապալեց այսօրվա հակապետական օրինագիծը. Ա. Գրիգորյանի դիտարկումները

Ինչու՞ ընդդիմությունը չտապալեց այսօրվա հակապետական օրինագիծը. Ա. Գրիգորյանի դիտարկումները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխություններին (ենթադրում է՝ արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին), գրել է.

«Եթե ընդդիմությունը կեղծ չի...

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը որպես ընդդիմություն ուներ մի հետաքրքիր գործիք, որը այլ ընդդիմադիր պատգամավորների հետ մի քանի անգամ գործարկել է։ Խոսքը քվեարկությանը չմասնակցելու միջոցով քվեարկության տապալումն է։

Օրինագիծը անցնում է մեծամասնության ԿՈՂՄ-ով, սակայն քվեարկությունը պետք է ունենա քվորում` կեսից ավելի մասնակցություն։

Այդպես նախկինում մի քանի անգամ ՀՅԴ փորձեր արել է։ Մի քանի անգամ հաջողել է, իսկ որոշ դեպքերում մեծամասնությունը ստիպված 20 րոպե ընդմիջում է վերցրել, որ ՀՀԿ-ականներին շտապ վերադարձնի։

Ինչու՞ եմ սա ասում։

Այսօր քվեարկության դրված այս հակապետական օրինագիծը անցել է 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չմասնակցելով կարող էին տապալել քվեարկությունը և օրինագիծը առաջիկա ամիսների էլ չէր կարող ներկայացվել։

Եթե մասնակցել են դիտավորյալ` իբր ընդդիմադիր կեցվածք ցույց տալու, իսկ իրականում իշխանությանը օգնելու համար, ապա դա կոչվում «կեղծ ընդդիմություն»։

Իսկ եթե դա քաղաքական անփորձության հետևանք է, ապա վիճակներս լավ չի։ Մնում է հուսալ, որ սրանից հետո լիարժեք կօգտագործեն խորհրդարանական պայքարի ողջ զինանոցը։

Հ.Գ. Երբեք ուշ չի և ամոթ չի նաև անհրաժեշտության դեպքում խորհրդակցել ավելի փորձառու մարդկանց հետ»։