կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 15:20
Աշխարհ

Utair-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան

Utair-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան

Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան. գրում է ՏԱՍՍ-ը՝  ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Ավիափոխադրողի կայքում տեղադրված կորոնավիրուսի պատճառով դադարեցված թռիչքների մասին բաժնում տեղադրված հայտարարության համաձայն՝ «կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ և հակառակը ուղղությամբ չվերթները, մարտի 20-ից ապրիլի 30-ը դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթները»:

Դրանից բացի՝ մարտի 18-ից ապրիլի 30-ը կասեցվել են թռիչքները Սուրգուտից և Տյումենից դեպի Բաքու եւ հակառակը ուղղություններով, Մոսկվայից դեպի Նախիջևան ու հակառակ ուղղությամբ, միևնույն ժամանակ մարտի 18-ից ապրիլի 30-ը Սուրգուտից դեպի Խուջանդ (Տաջիկստան) և հակառակ ուղղությամբ թռիչքները` բացառությամբ այն թռիչքների, որոնք նախատեսված են մարտի 21-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Utair-ը դադարեցրել էր թռիչքները Ռուսաստանից Ուզբեկստան, Բեռլին, Միլան, Ռիգա ու Վիեննա: Ավիաընկերությունն առաջարկում է չեղյալ չվերթների տոմսեր գնած անձանց վերադարձնել դրանց ամբողջ արժեքը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 17-ի ժամը 08.32-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182.406 դեպք, որից 7.154-ը՝ մահվան, և 79.433-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Հայաստանում այս պահին 64 կորոնավիրուսակիր կա: