կարևոր
2215 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 17:48
Քաղաքական

Փաշինյանը նույնիսկ կհամաձայնի լինել «Արևմտյան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիևի ձեռքի տակ, միայն թե նստի աթոռին. Գագիկ Համբարյան

Փաշինյանը նույնիսկ կհամաձայնի լինել «Արևմտյան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիևի ձեռքի տակ, միայն թե նստի աթոռին. Գագիկ Համբարյան

Հայաստանում գնալով ակտիվանում են առաջիկա հնարավոր ԱԺ արտահերթ ընտրությունների մասին քննարկումները: Իշխանություններն արդեն իսկ գործի են անցել՝ հող նախապատրաստելու վերջին 5 տարում 4-րդ արտահերթ ընտրությունների անցկացման համար: Դրա վկայությունը Նիկոլ Փաշինյանի «ճամփորդություններն» են՝ հանրապետության մարզային բնակավայրեր:

Իսկ մի շարք ՏԻՄ ընտրություններում իշխող ուժն ամեն գնով պահել է իր քաղաքական ազդեցությունը: ՔՊ-ականներն էլ ակտիվ քայլեր են իրականացնում՝ իրենց ճամբար հնարավորինս մեծաթիվ մարդկանց ներգրավելու համար:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գործող իշխանություններին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են միայն մեկ նպատակով՝ լեգիտիմացնելու իրենց հերթական դավաճանությունը՝ ստորագրելու, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»: Իսկ այդ պայմանագիրը, ըստ Համբարյանի, Ադրբեջանը չի պատրաստվում ստորագրել Հայաստանի համար ցանկալի սցենարով:

«Ադրբեջանն ուղղակիորեն պարտադրում է Հայաստանին՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ բաց թողնելով սահմանազատման և սահմանագծման դրույթը: Բայրամովը շատ պարզ ասաց, որ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնել հետո: Խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության 29.800 քկմ-ն, քանի որ իրենք հասել են իրենց ուզածին. ամբողջությամբ կլանել ու հայաթափել են Արցախը, օկուպացրել են ՀՀ-ի համար ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր տարածքներ: Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ վերահսկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզով անցնող բոլոր ավտոմայրուղիները, խմելու ջրի բավականին մեծ պաշարներ: Ադրբեջանը վերահսկում է կարևորագույն այնպիսի բարձունքներ, ինչպիսիք են Իշխանասարը, Սոթք-Խոզնավար հատվածը, ինչպիսին են Ջերմուկի մատույցները: Պատմության մեջ չի եղել, որ թուրքը լինի Ջերմուկից՝ 2 կմ, իսկ Կապանից՝ ընդամենը 200 մետր հեռավարության վրա: Ադրբեջանը վերահսկում է նաև Ներքին Հանդի տարածքները:

Իրենց գործընկերների, հատկապես ԵՄ պաշտոնյա Շառլ Միշելի անմիջական ակտիվ ջանքերի շնորհիվ, Հայաստանն ուղղակիորեն հրաժարվեց Արցախից ու ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ-ով», ներառյալ նաև Արցախը: Իսկ դրա դիմաց մենք ստացանք «երեք մատի կոմբինացիա»»,- ցավով համոզմունք հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ ամբողջ գործընթացի շարունակության համար ՀՀ իշխանություններին պետք է հերթական անգամ «ապացուցել» իրենց լեգիտիմությունը՝ մեղքը ժողովրդի վրա բարդելով:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներխուժման հետևանքով օկուպացրել է շուրջ 200 քկմ տարածք: Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին՝ զորքերը հայելային ձևով հետ քաշել, սակայն, ադրբեջանական կողմը չի ընդունել այդ առաջարկները:

Իսկ նախօրեին, Թուրքիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը նաև ասել էր, որ իրենք չեն պատրաստվում հետ քաշել ադրբեջանական զորքերը՝ ՀՀ սուվերեն տարածքից, քանի որ սահմանագծում ու սահմանազատում արված չէ:

«Նիկոլն էլ, ինչպես Արցախի 75 տոկոսը հանձնելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպեց ու վերարտադրվեց իշխանությունում, պարտությունը բարդելով ժողովրդի վրա, այնպես էլ հիմա է անելու: Ասելու է՝ պայմանագիրը ստորագրեցի, դե, թող ժողովուրդը հիմա ասի, թե ում է վստահում: Կրկին կվերարտադրվի իշխանությունում, և դրանով կտրվի ՀՀ 3-րդ Հանրապետության կործանման սկիզբը: Եթե որևէ մեկը երազում է, որ Նիկոլ վերընտրելով և Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ Հայաստանն ազատվելու է բոլոր տեսակի խնդիրներից՝ չարաչար սխալվում է: Պանդորայի արկղը նոր է բացվելու, և թուրք-ադրբեջանական տանդեմն անցնելու է իր հակահայկական նոր ծրագրերին, որի վերջնարդյունքը պետք է լինի հայերի բռնի գաղթն ու ՀՀ տարածքն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելը»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Հայաստանում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեմ է արտահայտվում նաև ընդդիմադիր թևը՝ հասկանալով դրանց հնարավոր հետևանքները:

Այդուհանդերձ, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, այդ ընտրությունների անցկացումը թույլ չտալու համար հակաքայլերը բավարար չեն:

«Ընդդիմությունը շատ լավ գիտի, որ շատ թույլ է, և իր բոլոր ձախողումներն է՛լ ավելի են ուժեղացրել Նիկոլի իշխանությունը: Ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նաև իր վարկանիշն է ցածր: Նաև այդ պատճառով չի ցանկանում, որպեսզի տեղի ունենան այդ ընտրությունները»,- ասաց քաղաքագետը:

Իսկ Փաշինյանն այս ընթացքում արդեն իսկ, կարծես, մեկնարկել է իր քարոզարշավը՝ մարզերում ու գյուղական բնակավայրերում:

«Պատահական չեն նաև Փաշինյանի կողմից տարբեր համայնքներում տարվող իշխանազավթումները: Գիտեք, Ախուրյան համայնքում, դրանից առաջ՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, Ալավերդիում տեղի ունեցած խայտառակ դեպքերն էլ չենք կարող մոռանալ: Այնպես որ՝ «քայլիստներն» ամեն ինչի դիմում են, որպեսզի ՏԻՄ-երում ուժեղացնեն իրենց դիրքերը, կիրառել վարչական բոլոր ռեսուրսները՝ իշխանությունում վերընտրվելու համար»,- համոզմունք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունների անցկացրած յուրաքանչյուր արտահերթ ընտրություն նոր ողբերգության ու պատերազմի մեկնարկ է դառնում՝ Համբարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի մտածում: Ըստ նրա՝ Փաշինյանի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է:

«Իրենք սարսափում են իշխանության կորստից: Իրենք շատ լավ գիտեն, որ այդ դեպքում իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրն ինչ է լինելու: Ու քանի որ այդ վտանգը զգում են, գիշատչային բնազդով են պաշտպանում իրենց իշխանությունը: Իրենք արհամարհած ունեն և՛ ՀՀ շահերը, և՛ հայ ժողովրդի շահերը, կարևորն իրենք իշխանություն ունենան: Համոզված եմ, որ Փաշինյանը նույնիսկ կհամաձայնի լինել «Արևմտյան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիևի ձեռքի տակ, միայն թե ինքն աթոռ ունենա Երևանում: Կապ չունի՝ Երևանը կդառնա «Իրեվա՞ն», թե՞ չէ»,- ցավով արձանագրեց Համբարյանը:

Այս համատեքստում քաղաքագետը պատահական չհամարեց նաև Բաքվում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունները: Ըստ նրա՝ դա Ալիևին պետք է կապիտալիզացնելու և ամրապնդելու անցած 3 տարիներին տարած «հաղթանակները», իսկ պարտված հարևանին ստիպելու շարունակել կատարել իր բարձրացրած պահանջները:

«Քանի դեռ իր վարկանիշն ադրբեջանական հասարակության մոտ բավականին բարձր է, քանի որ ինքը համարվում է հաղթանակ տարած ղեկավար, մարդ, ով կատարել է իր խոստումները, ինքը հիմա փորձում է արագընթաց, է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը՝ իշխանության աթոռին: Այսպիսով նա հնարավորություն կունենա նաև շարունակելու իր նեոպանթուրանական ու նեոպանօսմանական ծրագիրը, որի կնքահայրը Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: