Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին, փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախարարի խոսքով՝ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց՝ նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում:
«Հնարավորության սահմաններում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունները կանխարգելելու, բնական ռեսուրսների բանական և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանելու փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիներ և, ելնելով բնապահպանական առաձնահատկություններից, նոր կառուցվող հիդրոէլեկտրոկայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը, ինչպես նաև լրացումներ կատարելու և ամրագրելու «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունները, հստակեցնելու լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները»,-ավելացրել է Ֆ. Գաբրիելյանը:
Նա տեղեկացրել է, որ, գործող ջրային օրենսգրքով սահմանված մերժման հիմքերից բացի, ներկայացված օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժել նաև, եթե փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝ որոնցում առկա են Արցախի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 % և ավելի է, որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը: Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝ բնության՝ հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում, գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն:
«Գործող օրենսդրությամբ ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո, նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների վերանայումը ըստ հայեցողության էր, իսկ նախագծով սահմանվում է, նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների վերանայման պարտադիր պահանջ»,-նշել է նախարարը:
Կառավարության նիստը վարող ԱՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է օրենքի նախագիծը և պատկան մարմիններին հանձնարարել, որպեսզի ոլորտում իրականացվեն ժամանակին, ճիշտ և հստակ աշխատանքներ: