կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-31 06:01
Հասարակություն

Երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը

Երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմն ընդլայնել է` դրանում ընդգրկելով նաև «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին և Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանին:

 

Իր խոսքում հանրապետության ղեկավարը մասնավորապես նշել է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգարժա'ն նախագահ, Ձե'րդ Սրբություն, Ամենայն Հայոց կաթողիկոս, Ձե'րդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հարգելի՛ տիկնայք և պարոնայք

Ողջունում եմ ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ընդունեցիք հանձնաժողովի անդամ դառնալու իմ առաջարկը և հատկապես նրանց, ովքեր հատուկ այս նիստին մասնակցելու համար ժամանեցին Հայաստան: Սակայն, անկեղծ ասած, ես այլ ակնկալիք էլ չունեի: Այլ բան չէի ակնկալում, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար.

- բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել և հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված և իրականացված բնաջնջման քաղաքականությունը,

- բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետևանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին,

- բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ եղեռնը իրականացնողների ուրացող հետևորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սև էջը խեղաթյուրելու համար,

- բաց է, քանի որ Մեծ եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երևույթ և չեն ընկալում իրենց ապաշխարանքով հատուցելու անհրաժեշտությունը:

Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել և համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաև` իր հարևանների հետ: Սակայն անկախ որևէ բանից, մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը և անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի նկատմամբ:

Մենք պատասխանատու ժողովուրդ ենք, որ վերապրելով Հայոց ցեղասպանությունը և անցնելով 20-րդ դարի բազմաթիվ արհավիրքներ, անկախ, հպարտ ու հաղթանակած մուտք գործեց 21-րդ դար: Դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ` մենք երբեք չկուրացանք մեր վշտից, երբեք երես չթեքեցինք այլ ժողովուրդների տառապանքներից, այլ հետևողականորեն պնդեցինք ցեղասպանության հանցագործության կանխարգելման և անխուսափելի պատժման անհրաժեշտությունը:

Մենք երախտապարտ ժողովուրդ ենք, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր պատմության ծանր պահին օգնության ձեռք էին մեկնել` փորձելով պաշտպանել և օժանդակել մեզ: Մենք նրանցից և ոչ մեկին չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձևավորելու մասին հարցերը, որից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորման և իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը: