Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակից մահվան մեկ դեպք է արձանագրվել։
«Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը»,- նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։
Նախարարությունից նաև հայտնում են, որ եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։
Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:
Ըստ ԱՆ-ի՝ այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևանի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:
Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ: