կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-10 20:47
Քաղաքական

«Մեծ մահակի քաղաքականություն». ինչպես ԱՄՆ-ն իրեն այլ երկրներ ներխուժելու իրավունք վերապահեց

«Մեծ մահակի քաղաքականություն». ինչպես ԱՄՆ-ն իրեն այլ երկրներ ներխուժելու իրավունք վերապահեց

115 տարի առաջ՝ 1904-ի դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում հռչակեց Մոնրոյի դոկտրինի իր՝ ընդլայնված տարբերակը, որը հետագայում կոչվեց «Ռուզվելտի ուղղում» կամ «Մեծ մահակի քաղաքականություն» (Ռուզվելտը սիրում էր աֆրիկյան մի ասացվածք՝ «Մեղմ խոսիր, բայց ձեռքում պինդ պահիր մեծ մահակն ու հեռուն կգնաս»):

Քողարկվելով Արևմտյան կիսագնդի երկրների բարգավաճման ու կայունության համար մտահոգությամբ՝ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի ներխուժելու դրանց  տարածք, եթե, Վաշինգտոնի տեսանկյունից, «օրինականության խախտումներ» են տեղի ունենում: Փաստորեն, դա դարձավ Վաշինգտոնի՝ «համաշխարհային ոստիկան» դառնալու  ընթացքի փուլերից մեկը:

Պատմաբանները նշում են, որ այդ ժամանակաշրջանում Սպիտակ տան արտաքին քաղաքականությունը լատինաամերիկյան ինքնիշխան պետությունների նկատմամբ գործնականում չէր տարբերվում եվրոպական տերությունների քաղաքականությունից իրենց գաղութների նկատմամբ:

Իսկ ի՞նչ է Մոնրոյի դոկտրինը:

1820-ին Իսպանիայում հեղափոխություն է սկսվում: Երկու տարի անց Ֆրանսիան, դժգոհ իր սահմանների մոտ անկարգություններից, դիմում է եվրոպական առաջատար տերություններին՝ խնդրելով աջակցել իրեն Պիրենեյան թերակղզի ներխուժելու հարցում: 1822-ի հոկտեմբեր-դեկտեմբերին անցկացվում է Վերոնայի կոնգրեսը, որի ընթացքում Ֆրանսիային թույլատրվում է ներխուժել Իսպանիա. հաջորդ տարվա գարնանը ֆրանսիական զորքերն արդեն Իսպանիայում էին:

Հարկ է նշել, որ արդեն 1820-ականներից Իսպանիայի և Պորտուգալիայի լատինաամերիկյան գաղութների մեծ մասը անկախություն էր ձեռք բերել, և լատինաամերիկյան «անկախությունների շքերթի» հարցում եվրոպական պետությունները միակարծիք չէին: Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը կողմ էին, որ Իսպանիան վերականգնի իր ինքնիշխանությունը Լատինական Ամերիկայի նախկին տարածքների վրա: Դա ձեռնտու չէր Մեծ Բրիտանիային, որն ակտիվ առևտուր էր անում լատինաամերիկյան շուկաներում և վախենում էր մրցակցությունից: Արդյունքում՝ իսպանական նախկին գաղութների մասին Վերոնայի կոնգրեսը որոշում չի կայացնում:

Ավելի ուշ բրիտանացիներն առաջարկում են ԱՄՆ-ին՝ միասին քաղաքական բաժանում տալ Նոր և Հին աշխարհներին: Սակայն Վաշինգտոնը նախընտրում է սեփական քայլն անել. 1823 թվականի դեկտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոն Կոնգրեսին ուղղված ուղերձում առաջարկում է  աշխարհը բաժանել եվրոպական և ամերիկյան համակարգերի: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չպիտի միջամտեր Եվրոպայի գործերին, իսկ Եվրոպան՝ Լատինական Ամերիկայի: Այսպիսով՝ ԱՄՆ-ը հռչակում է իր գերակայությունը Արևմտյան կիսագնդում:

19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի ծավալապաշտությունը դառնում է ավելի ագրեսիվ: 1901-ին իշխանության եկած Թեոդոր Ռուզվելտը շարունակում է երկիրը իմպերիալիստական տերություն դարձնելու ուղեգիծը, և նրա նախաձեռնությունը թեև որպես ԱՄՆ օրենք չի ձևակերպվել, սակայն երկրի իշխանությունները միջազգային հարցերում օգտվում են այդ «զենքից»:

Այսպես՝ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգները մի շարք հարձակումներ է գործել Կուբայի վրա՝ այն ժամանակ առ ժամանակ իր իշխանության տակ վերցնելով: 1909-ին Նիկարագուաում տեղի է ունենում պրոամերիկյան հեղաշրջում, երեք տարի անց երկիրն օկուպացվում է ամերիկյան զորքերի կողմից: ԱՄՆ-ի և Մեքսիկայի՝ 1910-1919 թթ. սահմանային կոնֆլիկտի հետևանքով օկուպացվում է Վերակրուսը: Բացի այդ՝ ամերիկացիները գրավում են Հայիթին և Դոմինիկյան հանրապետությունը:

Մասնագետների կարծիքով՝ Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը շատ հեռու է միջազգային իրավունքի սկզբունքներից, ամերիկյան արտաքին քաղաքականությունում իշխում է ուժեղի իրավունքը՝ հիմնված Մոնրոյի դոկտրինի և դրա՝ ռուզվելտյան մեկնաբանության վրա:

Ի դեպ, «Մեծ մահակի քաղաքականությունը» վաղուց դուրս է եկել Արևմտյան կիսագնդի սահմաններից: Պատմական վառ օրինակները շատ են, ամենաթարմը՝ Սիրիան: