Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-11-11 18:30
Քաղաքական

Նոր իշխանություններն ալերգիա ունեն ազգայինի նկատմամբ. Լիլիթ Գալստյան

Նոր իշխանություններն ալերգիա ունեն ազգայինի նկատմամբ. Լիլիթ Գալստյան

Երբ վերլուծում ես նոր քաղաքական ուժի կամ, այսպես ասած, «Նոր Հայաստանի» քաղաքական վարքագիծը, որը ներառում է այս 1.5 տարին, սա ուղղակի արժեհամակարգային պայքար է, և այնպիսի տպավորություն է, որ այս նոր իշխանություններն ալերգիա ունեն այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է. ըստ Yerkir.am-ի՝ այսօր հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, որը նույնպես մասնակցում էր ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ ՀԵՄ մասնակցությամբ նստացույցին, որի պահանջը ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանի հրաժարականն է:

«Այս իշխանությունները դիտավորյալ, ծրագրված քաղաքականություն ունեն՝ նվաստացնել այն ամենը, ինչն ազգային է»,- հավելեց նա:

«Ներկա իշխանությունը ցույց է տալիս իր ռեպրեսիվ վարքագիծը՝ ամեն անգամ փորձելով դիմել իրենց ոչ հաճո քաղաքական ուժին, անհատին լռեցնելու ռեպրեսիվ մեթոդների: Շատ ավելի վատ է ԿԳՄՍՆ-ի համար, եթե ունեին փաստեր անօրինական գործունեության մասին, ուրեմն ինչո՞ւ էին դրանք կոծկել, ինչը նույնպես քրեորեն պատժելի է: Այս ամենը տեղավորվում է գործող քաղաքական ուժի ռեպրեսիվ գործիքակազմի շրջանակում: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որտեղ մշակույթն ունի ահռելի դերակատարում, որպես ինքնությունը սնուցող աղբյուր չկարևորվել մշակույթը, որը քաղաքացի-ազգային պետականություն կերտող ամենամեծ աղբյուրն է: Հետո տեսանք նաև, որ ազգային ինստիտուտների դեմ կա ուղղորդված շարժում: Սա քաղաքական ծրագիր է՝ կոտրելու մեր մեջքը»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից սկսվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիան, որին մասնակցում են ԵՊՀ ու այլ համալսարանների ուսանողներ, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները, այլ հասարակական կազմակերպություններ և այլն: