կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-08 11:30
Տարածաշրջան

Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, Դաշնային խորհրդի նիստի ժամանակ պատասխանելով ընդդիմության հարցերին, Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել:

Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացված միակողմանի ռազմական գործողությունը որպես «միջազգային իրավունքը խախտող բռնազավթում» որակող նախարարը նշել է, որ թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ Անկարայում հանդիպման ժամանակ թուրքական կառավարությանը կոչ էր արել «դուրս բերել զինվորներին Սիրիայից». հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Պատասխանելով ընդդիմության այն հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը պաշտոնապես զենքի վաճառքի էմբարգո չի սահմանում Թուրքիայի նկատմամբ, Մաասը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, և  դա շատ խնդիրներ է առաջացնում:

Նշենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Գերմանիան սահմանափակել էր զինատեսակների վաճառքը Թուրքիային: Մաասը երեկ հայտարարեց, որ «Թուրքիայի կողմից զենքեր գնելու նոր պահանջները չեն արժանանա հավանության»:

Իսկ ընդդիմադիր մեկ այլ գործչի հարցին, թե  Թուրքիային զենք վաճառելու՝ արդեն հաստատված ծրագրերը և՞ս արգելվելու են, նախարարն արձագանքել է. «Արդեն արտահանման թույլտվություն ստացած նախագծերը կասեցնելու համար անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անել: Դրա համար իրավական փաստեր են պետք, և կառավարությունը համաձայն է այդ քայլին գնալ»:

Գերմանացի նախարարը նաև նշել է, որ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելը սխալ քայլ կլինի, իսկ Էրդողանի՝ «Թուրքիայի դռները կբացենք փախստականների համար դեպի Եվրոպա» հայտարարությանն ի պատասխան՝ նշել է, որ դրանք ուղղակի հայտարարություններ են, ուրիշ ոչինչ:

Հավելենք նաև, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Թուրքիային՝ անվտանգության գոտու ստեղծման հարցում, սակայն կարևորել, որ Թուրքիան զերծ մնա սիրական տարածքների բռնազավթումից: