Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեների համագործակցությամբ ու ամերիկաբնակ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկյանների հովանավորությամբ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում բացվել է ՀՅԴ «Թոռլաքյան եւ Ֆնդկյան» երիտասարդական կենտրոն:
Հոկտեմբերի 14-ին կայացած երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացումն ու հանձն առված ծրագիրն ամփոփելու նպատակով այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի կազմակերպական ներկայացուցիչ Կարո Մադենլյանը եւ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկյանները՝ ուղեկցող անձանց հետ:
Ամերիկայից ժամանած հյուրերին ընդունել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԿԿ անդամ Վահագն Դադայանը:
Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը նշել է, որ Արցախի հարավային շրջանի ամրապնդումը ռազմաքաղաքական անհրաժեշտություն է:
Իսկ Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կառույցի աշխատանքներն Արցախում չեն սահմանափակվում միայն երիտասարդական կենտրոնի բացմամբ: ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի «Արմեն Գարո» կոմիտեության «Երկիր» հանձնախմբի հովանավորությամբ Արցախի Մարտունու շրջանում տեղադրվել է 30 այլընտրանքային ջրատաքացման համակարգ, բացի այդ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կառույցն իրականացրել է նաեւ տնտեսական նշանակության այլ ծրագրեր:
«Մենք ունենք «Հայրենիքի ծրագրեր» հանձնախումբ, որը զբաղվում է Հայաստանում եւ Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու աշխատանքներով: Կովսականի երիտասարդական կենտրոնը վերը նշյալ հանձնախմբի ծրագրերից է եւ ես հուսով եմ, որ այս բարեգործությունն օրինակելի կլինի»,- ասել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ կազմակերպական ներկայացուցիչ Կարո Մադենլյանը:
Արցախի ազատագրված Կովսականում Նեմեսիս գործողության մասնակից Թոռլաքյանի եւ Ֆնդքյանի անուններով անվանակոչված երիտասարդական կենտրոնն իրողություն է Լոս Անջելեսում բնակվող նախկին օդանավաշինության ինժեներ Վարդան Ֆնդկյանի հովանավորության շնորհիվ: Արցախի մշտական այցելուն ասում է, որ Արցախն ամեն անգամ յուրովի է հաճույք պատճառում իրեն:
«Ես գլուխը գովող անձ չեմ, չեմ սիրում խոսել իմ արածների մասին, քանզի դրանից ոչ մի հաճույք չեմ ստանում, բայց Արցախում կա մի բան, ինչն ամեն անգամ ինձ հաճույք է պատճառում: Դա մշտապես ընթացող շինարարությունն է, փոփոխությունն է, նոր կառույցներն ու շենքերն են, որոնք մխիթարանք են հայրենիքից հեռու ապրող հայի համար»,- ասել է Ֆնդկյանը եւ վստահություն հայտնել, որ երիտասարդական կենտրոնի ծրագիրն իր վերջին հովանավորությունը չի լինելու:
Խորհել ու մտածելու է Հայաստանում եւ Արցախում աշխատատեղերի հնարավորություն ընձեռնող ծրագրերի մասին՝ այդպիսով իր ներդրումն ունենալով Արցախի բարգավաճման եւ արցախցիների կյանքի որակի բարելավման գործին:
aparaj.am