կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-18 16:21
Հասարակություն

Թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղաշրջում անի. մարզպետ

Թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղաշրջում անի. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր մարզպետարանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների և ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած անկարգությունների նախապատմությունը։

Մարզպետը նշեց, որ մոտ երկու օր առաջ ինքը հանդիպել է բնակիչների հետ, սակայն նրանք և՛ կառուցողական, և՛ ոչ կառուցողական առաջարկներով են հանդես եկել: «Քննարկել ենք անտառահատման  հետ կապված բոլոր հնարավոր հարցերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Հայանտառ»-ը ևս մեկ անգամ քննարկի խնդիրը և հնարավորինս, կանոնակարգման եղանակով, ապահովի, որ մարդիկ օրինական կերպով օգտվեն անտառի հնարավորություններից: Դա երեք բաղադրիչ է: Առաջինը թափուկն է, որ տրամադրվում է անվճար` սեփական կարիքների համար: Երկրորդ տեսակը քամատապալն է, որի մասով որոշում է կայացվել և նշվել է այն անտառտնտեսությունը, որտեղ կա չափաքանակ, և բոլորը կարող են  դիմել, ստանալ փաստաթուղթ ու օգտվել դրանից: Երրորդը հատատեղիներում եղածն է, որն իրականացնում է «Հայանտառը»:  Վերջին տարիների ընթացքում անօրինական անտառահատումները կարգով մի քանի անգամ՝ 5-7 անգամ ավելի մեծ ծավալներ են ունեցել, քան օրինական անտառահատումները: Մեկ տարի առաջ դեռևս ՀՀ կառավարությունն առաջարկ արեց, ներկայացրեց ամբողջ խնդիրը»,- նշեց Չոբանյանը, որի խոսքի ընթացքում  մարզպետարանի շենքի առջև առավոտից հավաքված ցուցարարները վանկարկում էին.  «Կառավարություն կա, հա՞, Հայաստան կա՞, թուրքեր են ... Սուտ եք ասում, ամեն ինչը սուտ եք ասում, խորհրդարան չկա»:

Մարզպետը չդիմացավ ցուցարարների ճնշումներին ու հունից դուրս եկավ: «Հիմա բոլորդ լսե՛ք և իմացե՛ք հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության հետ շանտաժի լեզվով խոսել չի կարելի, սա պետություն է և այս պետության հետ շանտաժի լեզվով ոչ ոք խոսել չի կարող՝ ո՛չ հանրապետության ներսում, և ո՛չ էլ դրսում: Պետությանը ներկայացված որևէ անօրինական պահանջ չի ընդունվելու: Ոչ միայն չի ընդունվելու, այլ ամենախիստ ձևով պատժվելու է: Մեզ համար տարբերություն չկա` մեր պետականության իրավունքը խախտում է ադրբեջանցին, թե` տեղացին, եթե որևէ մեկը պետականությանը դեմ է, ուրեմն ՀՀ-ին դեմ է, ժողովրդին դեմ է»,- վրդովվեց նա:

Մարզպետը մի քանի րոպե անց շարունակեց իր միտքը` նշելով, որ երեկ շուրջ 50 մարդի ագրեսիվ ձևով պահանջում էին,  որ վերացնեն Դիլիջանի անցակետը: «Դա ուղիղ նշանակում է հետևյալը, որ մենք շարունակելու ենք անօրինական անտառահատումը և անօրինական տեղափոխելու ենք և վաճառելու ենք: Մենք ասել ենք ոչ և այլևս ոչ»,- նշեց նա` ասելով, որ արդեն, հավանաբար, համոզեցին և ստիպեցին մարդկանց հասկանալ, որ կատակ չեն անում:

«Ի՞նչ է նշանակում` մինչև Վարդավառ բացեք` գնանք, նշանակում է անիշխանականություն»,- հավելեց նա:

Դիտարկում հնչեց` դա նշանակում է, որ երեխայի մասին են մտածում: 

«Ո՛չ, երեխայի մասին չէ: Այն բեռը, որ էնտեղից վերցնում ես, երեք հոգու կաշառք տալիս ու հիմա նրանց շահերն ես պաշտպանում, քո երեխաների մասի՞ն ես մտածում: 200 աշխատատեղի մասին հայտարարություն եմ անում ու ոչ մի դիմում չեմ ստացել: Եթե որևէ մեկն ունենա սոցիալական խնդիր, աշխատանքի խնդիր, մինչև հիմա այդ մեկը գոնե դիմած կլիներ: Եթե կա աշխատանքի խնդիր, հենց հիմա ցուցակագրվեք, և մենք ձեզ աշխատանք կառաջարկենք»,- պնդեց Չոբանյանը ու ավելացրեց. «Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականություն խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ` ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը ոչնչացնելու»:

Մարզպետն անդրադարձավ նաև ձերբակալված ցուցարարների հարցին: Նա շեշտեց, որ այդ հարցը գտնվում է  իրավապահների ուսումնասիրության ներքո, և որևէ մեկը դրան միջամտելու իրավունք չունի: «Անմեղ են, թե` մեղավոր, կորոշի ՀՀ օրենսդրությունը: Մեկ տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, հանուն պետականության և թույլ չենք տա, որ որևէ մեկը փորձի հեղաշրջում անի կամ ճանապարհ փակի հանուն անօրինականության, պետականության դեմ»,- ընդգծեց նա` կոչ անելով նաև բոլորին` վերադառնալ տուն ու սպասել գործի ընթացքին:

Մարզպետարանի առջև հավաքված ցուցարար կանանցից մեկը, սակայն, չհամաձայնեց մարզպետի հորդորին: Նա վրդովված ցույց տվեց իր կապտուկներն ու հարց ուղղեց մարզպետին` դա օրինակա՞ն է:

Չոբանյանը  պատասխանեց, որ իրենց միակ սխալը այն է եղել, որ թույլ են տվել, որ անգամ մեկ րոպեով փակվի ճանապարհը: