Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին: Այս մասին «Ալիք մեդիա»-ին հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը:
Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Tunnel Sadd Ariana» ընկերությունը:
«Նախագծման փուլը կավարտվի մոտ երկու ամսից, եթե ամեն ինչ առանց խոչընդոտների ընթանա, ամենայն հավանականությամբ, օգոստոսին կմեկնարկեն շինարարական աշխատանքները և կավարտվեն մեկ տարվա ընթացքում», -նշել է կազմակերպության ներկայացուցիչը:
Բարեկամության կամրջի երկարությունը մոտ 200 մետր է: Կկառուցվեն երկու առանձին, իրարից մեկ մետր հեռու զուգահեռ կամուրջներ: Կառուցվող կամրջի բարձրությունը 18 մետր կլինի՝ սահմանին գտնվող ներկայիս կամրջից երկու մետրով բարձր:
«Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11,8 մետր է։ Յուրաքանչյուր ուղղությամբ կկարողանա երթևեկել երեք տրանսպորտային միջոց», - ասել է Արտավազդ Բաղումյանը:
Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 300 հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:
Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ հինը կվերանորոգվի։ Փորձագետների կարծիքով` խցանումների դեպքում տարբեր պատվիրակությունների արագ երթևեկի համար այն լավ այլընտրանք կլինի: