կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 17:55
Տնտեսական

Ստորագրվել է հայ-վրացական Բարեկամության կամրջի կառուցման համաձայնագիրը

Ստորագրվել է հայ-վրացական Բարեկամության կամրջի կառուցման համաձայնագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»:

 

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

 

Նշենք, որ ս.թ. դեկտեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը և նաև ստորագրել էին արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության կամուրջ»:

 

Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, ով նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի համանախագահն է: ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ընթացքից և կարևորել Վրաստանի հետ երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը և սերտացումը:

 

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը, որը հնարավորություն տվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները և համագործակցության զարգացման նոր ուղղություններ նախանշել: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ընթացքը և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական գործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

 

Առկա ներուժի լիարժեք իրացման և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով առանձնակի կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի դերը, որի երկրորդ նիստը գումարվել է այսօր՝ Երևանում: