կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 17:56
Տնտեսական

«Ահազանգ»-ի երիտասարդները մերժեցին «Իմ քայլի» պատգամավորներին

«Ահազանգ»-ի երիտասարդները մերժեցին «Իմ քայլի» պատգամավորներին

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը խորհրդարանը կքննարկի արտահերթ նիստում, ըստ երևույթին` հաջորդ շաբաթ: Նախքան այն նիստերի օրակարգում ներառելը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ ոլորտի մասնագետների ու շահագրգիռ կողմերի հետ: Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է` փորձել են լսել բոլոր կողմերին, կողմ ու դեմ կարծիքներն ի մի բերել ու ներառել փաթեթում:

«Հարկային օրենսգրքի նման քննարկում ԱԺ-ն այսքան ժամանակ չէր տեսել»,- վստահեցնում է նաև հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը:

Պատգամավորներն օրենսգրքի շուրջ իրենց դիրքորոշումները ներկայացնում էին ԱԺ դարպասների մոտ այսօր խաղաղ ակցիա իրականացնող` ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների առջև: Նրանց պահանջն անփոփոխ է՝ ամեն ինչ անել, որպեսզի չեղարկվի Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում տեղ գտած` եկամտային հարկի համահարթ սկզբունքը, այսինքն՝ բոլորին նույն դրույքաչափով հարկելը։

Հիշեցնենք, որ սա նախաձեռնության երրորդ ակցիան էր, Ազգային ժողովի բակում՝ երկրորդը։ Նրանք մինչ այս էլ ԱԺ բակում հավեր էին բաց թողել, իսկ կառավարության շենքի առջև «Ահազանգ»  գրությամբ դրամապանակներ նետել։

Հարահարթեցման դեմ բողոքող երիտասարդների հետ պատգամավորները ցանկանում էին քննարկում ծավալել անմիջապես փողոցում: Բաբկեն Թունյանը տեղեկատվական բնույթի հարցեր էր ուղղում, Հայկ Գևորգյանը փորձում պարզել` ով է 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանում: Տպավորություն էր, թե երիտասարդները պետական քննության են եկել, հարցերին պետք է կարողանան պատասխանել, հաղթահարեն հերթական «լևելը», հետո նոր միայն պահանջ ներկայացնելու իրավունք վաստակեն: Մանիպուլյացիայի չենթարկված երիտասարդները պատգամավորներին հասկացրին` փողոցում քննարկում չեն ծավալելու, իրենց պահանջը հստակ գիտեն, խաղաղ ակցիա են իրականացնում, ինչի իրավունքն ունեն:

Տեսնելով, որ հավաքվածները «փողոցում հարցեր լուծելու» տրամաբանությամբ չեն առաջնորդվում, Թունյանը հեռացավ: Քննարկում-բանավեճը ծավալվեց պատգամավոր Գևորգյանի ու «Ահազանգ»-ի երիտասարդների միջև: Պատգամավորը նախ ստուգեց հավաքվածների գիտելիքները ակցիզային հարկի մասին, ապա հռետորական հարց տվեց` իսկ վա՞տ է, որ ծխախոտն ու ալկոհոլը հարկվելու են: Պատգամավորի ասածի հիմնավորումն այն էր, որ երկուսն էլ վնաս են հասցնում մարդու առողջությանն ու կախվածություն են առաջացնում: «Ծխախոտը թանկանալու է կրկնակի, եռակի ու քառակի»,- զայրացած ասաց նա, ի դեպ` նույնպես ծխող է:

Ի պատասխան` երիտասարդներն ընդգծեցին` լավ կլիներ, որ ընդհանրապես արգելվեր ծխախոտի վաճառքը, բայց դրա ֆոնին ամեն օր լսում ենք մարիխուանան օրինականացնելու մասին:

Այդ դիտարկումն ավելի նյարդայնացրեց Գևորգյանին, ու նա սկսեց մեկնակետից: «Նախորդ տարվա մայիսին էլ ասում էին, որ հողեր ենք տալու, բայց տվեցի՞ք: Ո՞վ է ասում, որ մարիխուանան օրինականացվելու է»,- բոլորովին այլ թեմայի անցնելով` հիշեց պատգամավորը:

Ի դեպ, Գևորգյանի հիշողությունը թարմացնելու համար` «մի փոքրիկ սպռավոչկա» ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի երկու տարի առաջ արված գրառումից, որում նա ողջունում է մարիխուանայի օրիանակացումը. «…դրա օրինականացումը խոսում է բոլորի շահերից՝ պետության շահերից, չէ՞ որ երևույթը, անկախ բոլորիս կամքից, առկա է»:

Հայկ Գևորգյանի` ոտքի վրա քննարկում իրականացնելու ջանքերն ապարդյուն անցան: Նա մնաց իր տեսակետին, ավելին` համոզմունք հայտնեց, որ եթե նույնիսկ համահարթ սկզբունքը չեղարկվի, երիտասարդները շարունակելու են դժգոհել: «Ահազանգ»-ի անդամները հակադարձեցին` սխալ կարծիք ունեք, պարո'ն Գևորգյան:

Ի դեպ, նա այն տեսակետին է, որ Հայաստանում միայն բարձրագույն ու որակյալ կրթությամբ մարդիկ պետք է լինեն: «Հիմա ի՞նչ եք ասում` մարդ, որ տարիներով ուսանել է, կրթություն է ստացել, ջանք է ներդրել, մի քանի օտար լեզու սովորել ու այժմ լավ աշխատանքի է, լավ աշխատավարձ է ստանում, նրան ավելի շա՞տ հարկենք»,- զարմացավ Գևորգյանը:

Երիտասարդները հակադարձ հարց ուղղեցին` իսկ ի՞նչ անեն այն երիտասարդները, որ երեք լեզու չգիտեն, որակյալ կրություն չեն ստացել, հողագործ են, գյուղատնտեսությամբ են զբաղվում: Օրենսդիրի ներկայացուցչի պատասխանը եղավ հետևյալը. «Սմարթֆոն ունի, չէ՞: Կարա չէ՞ մտնի Goօgle ու մի քիչ սովորի»:

Փաստորեն, այս երկրում բոլորը պարտավոր են մի քանի լեզու իմանալ, բարձրագույն կրթություն ստանալ ու բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել, եթե` ոչ, ապա սմարթֆոնը մեզ օգնական:

Լուսանկարը՝ Aravot.am-ի