կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 12:04
Տարածաշրջան

Խաղարկվում են կոնկրետ սցենարներ Արցախի դեմ՝ տարբեր կորպուսների մակարդակով. փորձագետ

Խաղարկվում են կոնկրետ սցենարներ Արցախի դեմ՝ տարբեր կորպուսների մակարդակով. փորձագետ

Ադրբեջանը միշտ մեծ գումարներ է ծախսում՝ ստեղծելու համար տոլերանտ, բազմազգ, աշխարհի համար ընկալելի երկրի միջազգային իմիջ, և  պարբերաբար  Բաքվում անցկացվում են միջազգային միջոցառումներ, սակայն հայերի հետ կապված միշտ մի միջադեպ է տեղի ունենում, որը ջուրն է գցում այդ իմիջային ծախսերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի շուրջ սկանդալին ու  հայատյացության քարոզին Ադրբեջանում:

«Առաջին անգամ չէ, որ Մխիթարյանը չի գնացել Բաքու և չի խաղացել: Բոլորս գիտենք, որ գոյություն ունի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակ», և Մխիթարյանի մուտքը Բաքու Արցախ այցելելու համար առաջին անգամ 2015-ին արգելեցին, երբ «Բորուսիա»-ում էր խաղում: Այս անգամ պարզապես ավելի ճկուն գտնվեցին, թե` «սև ցուցակում» կա, մուտքն արգելված է, բայց եթե գալիս է, թող գա: Երկրորդ բանը, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել,  երկրպագուների հետ կապված իրավիճակն է: Նրանք, լինելով տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ունենալով հայկական արմատներ, ազգանուն, չկարողացան ստանալ ադրբեջանական վիզա, որ մասնակցեն եզրափակիչ խաղին: Ես հակված չեմ մտածել, որ այդ մարդիկ էին Ադրբեջանի համար գլխացավանք, որ կարող էին լինել լրտեսներ կամ վտանգ ներկայացնել, այլ Ադրբեջանի իշխանությունները, այդ մարդկանց անվտանգությունն իրենց հասարակ քաղաքացիներից չկարողանալով ապահովել, որոշեցին այդ թեման փակել, որպեսզի ավելի տգեղ միջադեպերի ականատես չդառնանք, երբ կարող են երկրպագուների վրա հյուրանոցում հարձակում գործել, կամ անհասկանալի պատմություններ լինեն մարդկանց հետ, որոնք հայ են և Բաքվում են հայտնվել»,- նշեց ադրբեջանագետը:

Էլիբեգովայի խոսքով` միջազգային սպորտային այս միջոցառումը վեր հանեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության թաքնված պաշարը: «Ինչո՞ւ` թաքնված, որովհետև վերջին տարվա ընթացքում, առհասարակ, բանակցային գործընթացի շրջանակում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը անընդհատ շեշտում են, որ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և իջեցնել միմյանց հանդեպ ագրեսիվ դրսևորումների քանակը, կոնտենտը: Ադրբեջանը պարբերաբար պաշտոնական մակարդակով խոսում է, թե դրա վրա աշխատում են և լուրջ հաջողություններ ունեն, բայց բավական է  Հենրիխ Մխիթարյանի այցը Բաքու, որ ցույց տա՝ դա բացարձակ սուտ է, Ադրբեջանը որևէ երկխոսության և խաղաղասիրական ծրագրերի չի պատրաստվում, այլ պատրաստվում է պատերազմի»,- ընդգծեց նա:

Հանդիպմանը ներկա` «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ հավելեց՝ ռազմական ոլորտում որևէ բան չի փոխվել, մոտեցումների և ռազմավարության առումով` ևս:

«Ինչպես եղել է, այդպես էլ շարունակվում է՝  և՛ մարտական պատրաստությունը, և՛ զենքի գնումները: Եվ եթե մի փոքր դադար կար ռազմատենչ հռետորաբանության մասով, ապա այդ դադարը ևս ավարտվել է. փետրվարից սկսած` հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ Ադրբեջանի պաշտպանության նախարարի, ԳՇ պետի կողմից: Ինչ վերաբերում է մասշտաբային զորավարժություններին, ապա դրանք կրկնվում են նույն հաճախությամբ, ինչպես միշտ եղել է: Ընդ որում՝ խաղարկվում են  կոնկրետ սցենարներ Արցախի դեմ՝ տարբեր կորպուսների մակարդակով»,- շեշտեց Վրթանեսյանը՝ հատկանշական համարելով այն, որ ադրբեջանական զորավարժարաններում հատուկ հատվածներ կան, որտեղ վերարտադրված են մեր պաշտպանական գիծը, մեր գծի տարբեր հատվածներ, և զորավարժությունների ժամանակ ինչ-որ պահի ադրբեջանական զինուժը գործողություններ է անում այդ գիծը ճեղքելու և հաղթահարելու համար: 

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը լրացրեց՝ մայիսին անցկացված զորավարժության ժամանակ Ադրբեջանի ստորաբաժանումները խաղարկել են Արցախի հարավային սահմանների ուղղությամբ հարձակման գործողություններ: «Ներգրավվել էին հիմնականում այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական կորպուսի ստորաբաժանումները, որոնց աջակցում էին թիկունքային՝ Բաքվում և մերձբաքվյան հատվածում տեղակայված զորամասերը, ինչպես նաև ավելի հյուսիս գտնվողները: Իրականացվում էին զորաշարժերի դրվագներ: Իհարկե, չի կարելի սրանից եզրակացնել, որ Ադրբեջանը հիմնականում Արցախի հարավային ուղղությունն է ընտրել, օրինակ` երբ մարտին անցկացրեցին զորավարժություն, այդ ժամանակ էլ ռազմական գործողությունների խաղարկման ուղղությունը Արցախի հյուսիսն էր և հյուսիսարևելյան հատվածը»,- մանրամասնեց փորձագետը: